Կորոնավիրուս Հասարակություն 

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

 

«Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք  այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան:

Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:

Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ և պարետատունն ամբողջովին տիրապետում են  ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը:

Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա և գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են այդ խնդիրների հասցեագրած ուղղությամբ՝ տարբեր երկրների կողմից կիրառված և ամեն օր փոփոխվող սահմանափակումների պայմաններում:

Յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում աջակցության ձևը և ծավալը որոշվում է՝ հաշվի առնելով առողջապահական անվտանգության խնդիրները, առկա հնարավորությունները և կոնկրետ իրավիճակը:

Բոլոր շահագրգիռ անձանց կոչ ենք անում չտրվել այս կամ այն առանձին դեպքի շուրջ աժիոտաժ ստեղծելու և այն հատվածական շահերին ծառայեցնելու գայթակղությանը: Իրավիճակը պահանջում է քաղաքացիական պատասխանատվություն և լուրջ վերաբերմունք բոլորի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից