Բարի օր Իրավական Կորոնավիրուս 

Այն դատավորները, ովքեր այս հիմքով փոխում են խափանման միջոց կալանքն, արժանի են մեծատառով դատավորներ կոչվելուն. Լիպարիտ Սիմոնյանը՝ COVID-19-ով պայմանավորված՝ խափանման միջոց կալանքը փոխելու ԽԿԿ զեկույցի մասին

analitik.am

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ՀՀ Գլխավոր դատախազությունը որոշ կալանավորների խափանման միջոց կալանքն այլ խափանման միջոցներով փոխարինելու գործընթաց է սկսել: Նման որոշում կայացնելու նպատակների և մի քանի այլ  հարցերի մասին Analitik.am-ը զրուցեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ, ով ասաց, որ Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակել է զեկույց` սկզբունքների ժողովածու CPT/Inf(2020)13, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող անձանց:

Զեկույցում արձանագրվել է հետևյալը.

«Կորոնավիրուսի վարակի (COVID-19) համավարակն արտակարգ մարտահրավերներ է առաջացրել բոլոր անդամ պետությունների իշխանությունների համար: Առկա են առանձնահատուկ և հրատապ մարտահրավերներ անձանց հարկադրաբար պահելու անազատության վայրերի աշխատակիցների համար՝ ներառյալ ձերբակալվածներին պահելու վայրերի, քրեակատարողական հիմնարկների, ներգաղթյալներին, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց, ու կարանտինային վիճակով պայմանավորված անձանց նորաստեղծ կամ համապատասխան հաստատություններում, տարածքներում հարկադրաբար պահելու վայրերի հետ: Չանտեսելով կամ չնվազեցնելով Կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ խիստ ու պարտադիր պայքար մղելու անհրաժեշտությունը՝ ԽԿԿ-ն հարկ է համարում հիշեցնել բոլոր իրավասուներին խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթի մասին: Կանխարգելիչ կամ պաշտպանական միջոցները անազատության մեջ գտնվող անձանց համար չպետք է հանգեցնեն անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի: Կոմիտեի կարծիքով ներքոշարադրյալ սկզբունքները Եվրոպայի խորհրդի ամբողջ տարածքում պետք է ընդունվեն ու կիրառվեն բոլոր՝ իշխանության իրավասու այն համապատասխան մարմինների կողմից, որոնք պատասխանատու են, կամ ում որոշումներով անձինք զրկված են ազատությունից»:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով, այն անձինք, ովքեր նախնական կալանքի տակ են և դեռևս նրանց մեղքն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա նրանց խափանման միջոցների փոփոխելը կամ գրավի կիրառմամբ  ազատ արձակելը կբխի նաև մարդասիրություն սկզբունքից. «Այն դատավորները, ովքեր իրենց վարույթներում գտնվող քրեական գործերով կալանքի տակ գտնվող անձանց՝ մեղադրյալների,  ամբաստանյալների խափանման միջոցներն այդ հիմքով փոփոխում կամ գրավ են կիրառում՝ արժանի են մեծատառով դատավորներ կոչվելուն»:

Հարցին՝ արդյո՞ք այդ խափանման միջոցի փոխարինումը Հայաստանում կիրառվում է օրենքով սահմանված կարգով, թե լինում են սուբյեկտիվ մոտեցումներ, պարոն Սիմոնյանը նշեց, որ մինչ այս պահը այդ հիմքով փոփոխված խափանման միջոցները, որոնց տեղյակ է, իր կարծիքով,  սուբյեկտիվ մոտեցման արդյունք են. «Բոլոր դեպքերում կայացված այն որոշումները, որոնք հիմնված են իմ կողմից վկայակոչված միջազգային փաստաթղթի վրա՝ արդեն իսկ պատճառաբանված են:

Կան նաև հակառակ մոտեցումներ՝ օրինակ, անձինք մեղադրվում են միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, տվել են մանրամասն ցուցմունքներ, նրանցից մեկը՝ խոստովանական, ամուսնացած են, ունեն մշտական բնակության վայր, երբրևէ չեն խուսափել գործի քննությունից, չեն խոչընդոտել գործի քննությանը, սակայն մեկի դեպքում նախաքննական մարմինը  նրան պահում է կալանքի տակ, իսկ մյուսի դեպքում, հաշվի չառնելով իմ կողմից վկայակոչված միջազգային փաստաթուղթը,  կալանավորում:

Կարող եմ ասել, որ շատ բան կախված է կոնկրետ դատավորի անձից և ոչ թե որևէ անձի հանդեպ ունեցած  սուբյեկտիվությունից»:

Վերջերս Սիմոնյանը գրառում էր կատարել այն մասին, որ իր պաշտպանյալներից երկուսը, ովքեր կատարել են ոչ ծանր հանցագործություններ,  գտնվում են կալանքի տակ:

Հարցին՝  արդյո՞ք նրանց համար էլ է փոխվել խափանման միջոցը, թե՝ ոչ, փաստաբանն ասաց, որ չի փոխվել. «Նրանցից մեկի գործը հապշտապ ուղարկվեց դատարան՝ ըստ էության քննության, որ պաշտպանյալիս համար ծայրահեղ անհրաժեշտություն է կալանքից ազատ արձակելը,  քանի որ ամուսնացած է և ունի երկու անչափահաս երեխաներ, որոնք այսօր մնացել են առանց կերակրողի:

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ կինը և երեխաները մինչ համաճարակն են եկել Վրաստանի Հանրապետությունից, որտեղ բնակվել են և Հայաստան էին եկել մշտական բնակություն հաստատելու համար: Այժմ նրանք  բնակվում են Արտաշ Խաչատուրյանի քրոջ տանը, ովքեր նույնպես սոցիալապես անապահով են: Նման պայմաններում պաշտպանյալիս ընտանիքը Հայաստանում չունենալով աշխատելու որևէ հնարավորություն, ինչպես նաև հաշվի առնելով համաճարակից բխող սահմանների փակ լինելու հանգամանքը, հնարավորություն չունե վերադառնալ Վրաստան: Մնալով առանց միակ կերակրողի՝ չեն կարողանա պահպանել իրենց գոյությունը: Արտաշ Խաչատուրյանի աղջիկը ունի տեսողության խնդիրներ և այժմ համապատասխան բուժումներ պետք է ստանա: Այդ խնդիրները լուծելը  հոր կալանքի տակ գտնվելու և համաճարակային վիճակով պայմանավորված դարձել է անհնարին: Միջնորդություն եմ ուղարկել դատարան և սպասում եմ, թե ինչ որոշում կկայացնեն:

Մյուս պաշտպանյալս նույնպես մեղադրվում է միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, նրա մասով բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան, նիստը դեռևս նշանակված չէ»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից