Գլխավոր Հասարակություն 

Կյանքն ավելի թանկ է, քան՝ ամբողջ սարի բանջարը. նախօրեին Պարույր Սևակ գյուղում կին է պայթել ականի վրա

analitik.am

 

Նախօրեին Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղից ոչ հեռու ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել, ինչի արդյունքում կորցրել է ոտքը:

Analitik.am-ի հետ զրույցում Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը ասաց, որ դեպքը պատահել է այն ժամանակ, երբ կանայք՝ հարս և սկեսուր, գնացել են բանջար հավաքելու. հարսը ոտքը դրել է ականի վրա:

«Այդ տարածքներ քաղաքացիական անձանց մուտքը խստիվ արգելված է: Գրավոր և բանավոր զգուշացումներ են արվել, զգուշացնող ցուցանակներ կան: Հենց նույն կանանց, այդ օրը տարածքից հետ են դարձրել, նրանց զգուշացրել են, որ այդ վայրում բանջար չհավաքեն, արգելված է: Կանայք առաջացել են ձորն ու չեն երևացել»,-ասաց գյուղապետը և հավելեց, որ այս սեզոնին գյուղի կանայք գնում են բանջար հավաքելու, սակայն ոչ բոլորն են հետևում կանոններին:

Գյուղապետը նշեց, որ նախկինում նման դեպք չեն ունեցել՝ հայտնելով, որ ոտքի վիարվորում ստացած երիտասարդ հարսը 3 անչափահաս երեխա ունի, իսկ գյուղից դուրս որոշ տարածքներ բնակիչները չեն գնում. վտանգավոր է և բազմիցս զգուշացումներ է արվել:

«Հարսի բախտը բերել է, որ ոտքն է վնասել, կարող էր ավելի վատ լինել: Պայթյունի ձայնից տարածքին հետևողներն են եկել և հարսին հանել են վտանգավոր գոտուց։ Նրանք էլ իրենց կյանքն են վտանգել»,-ասաց Ստեփանյանը:

«Կյանքն ավելի թանկ է, քան ամբողջ սարի բանջարը»,-ասաց Ստեփանյանը և կրկին հիշեցրեց, որ վաղուց է արգելված այդ գոտիներում բանջար հավաքելը:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից