Հասարակություն Վերլուծական 

Կորոնավիրուսի ոչ կորոնավիրուսային մահերը

analitik.am

 

Ապրիլի 12-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ։

Ապրիլի սկզբներին ևս նման դեպք է գրանցվել: Հիվանդին Աբովյանի հիվանդանոցից տեղափոխել են «Սբ.Գրիգոր Լուսավորիչը» ԲԿ, որը չէր ընդունել:

Հիշեցնենք, որ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն նախատեսված է միայն կորոնավիրուս հատատվածների համար: Պացիենտի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է եղել, և շտապօգնության բժիշկը նման որոշում է կայացրել: Այնուհետև պացիենտին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ավելի ուշ նա շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է:

Ապրիլի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից չորս պացիենտ տեղափոխվեց «Նաիրի» ԲԿ։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է, և այս օրերին պետք է սպասարկի կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին։ Չորս պացիենտներից մեկը կարճ ժամանակ անց մահացել է։

Արդեն երեք դեպք ունենք, երբ տարածության պատճառով պացիենտները մահացել են հենց շտապօգնության ավտոմեքենայի մեջ: Չի բացառվում, որ նրանց կյանքը դժվար լիներ փրկեր, սակայն փորձել հնարավոր էր: Երեք դեպքում էլ մոտակա հիվանդանոցները վերապրոֆիլավորված են կորոնավիրուս հաստատվածների համար, իսկ արդյունքում այլ հիվանդություն ունեցող պացիենտներ են զրկվել կյանքից:

Այս իրավիճակն ունի երկու մոտեցում: Նախ տարածությունը կյանք արժի, և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի բուռն ցանկությունը՝ փակել հիվանդանոցները, քանի որ նրանք պահանջված «արդյունք» չեն տալիս, աբսուրդ է: Իսկ երկրորդն այն է, որ կորոնավիրուսի համար նախատեսված հիվանդանոցների վերապրոֆիլավորումը նաև կյանքեր է արժենում: Սա ի գիտություն:

Հ. Գ. Այս դեպքերը հանրությանը հայտնի են, քանի որ կամ Երևանում են տեղի ունեցել, կամ՝ երևանամերձ հատվածում: Չի բացառվում, որ մարզերում ևս նման դեպքեր գրանցված լինեն, որոնք, սակայն, հայտնի չեն:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից