Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու դեպքում ԱՀԿ-ի հետ խոչընդոտի փաստը նորություն չէ

analitik.am

Ռուսաստանը սկսել է բարձրաձայնել Հայաստանի՝ Մաքսային Միությանը, ապա՝ Եվրասիական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու խոչընդոտի մասին: Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը  երեկ Սոչիում հայտարարեց, որ  եթե Հայաստանը հաջող կերպով միանա ԵԱՏՄ-ի ձևաչափին, ստորագրի համաձայնագիրը և այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ:


 Բանն այն է, որ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից ԱՀԿ-ի կազմում պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր: Այսինքն՝ Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դառնալուց հետո Հայաստանի պարտավորվելու է վարել մաքսային նոր քաղաքականություն, որը հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցության պայմաններին:


Այլ կերպ ասած, Ռուսաստանը պաշտոնապես բարձրաձայնել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում  ԱՀԿ-ի հետ կապված հակասությունների մասին:


Այդ հակասությունը, սակայն, նորություն չէ: Այդ մասին Հայաստանում բարձրաձայնվել է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին՝ այն բանից հետո,  երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն մտադիր է անդամակցել ՄՄ-ին: Անդրադառնալով Մաքսային միության և ԱՀԿ հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների համատեղելիությանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ՀՀ նախագահի հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց կազմակերպված «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց, որ բացառությամբ մաքսատուրքերի դրույքաչափերի՝ մնացած ընթացակարգերում հակասություններ չկան:


Մի քանի բառ հակասությունների մասին.  ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի ստանձնելիք մաքսային նոր քաղաքականությունը ենթադրում է ունենալ միասնական մաքսային տարածք և  երրորդ երկրների նկատմամբ կիրառել մաքսատուրքերի միասնական դրույքաչափ:   Երբ Հայաստանը անդամակցի ՄՄ-ին,  երրորդ երկրներից այստեղ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը զգալիորեն կբարձրանան: Գումարած դրան՝  մոտ 60 %-ից ավելի անուն ապրանքների համար ՄՄ-ում գործող դրույքաչափերը ավելի բարձր կլինեն, քան ամրագրված է ԱՀԿ-ի և  Հայաստանի միջև եղած պայմանավորվածության մեջ:  ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանը պարտավորվել է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը ամրագրել առավելագույն 15 %-ի չափով: ԱՀԿ-ի կանոններով, եթե Հայաստանում մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրանան, ապա Հայաստանը պետք է բանակցություններ վարի ԱՀԿ անդամ երկրների հետ, իսկ ԱՀԿ պարտավորությունների խախտման դիմաց  պարտավոր կլինի փոխհատուցում տալ կազմակերպության անդամ երկրներին: Եվ Շուվալովի վերը նշված հայտարարությունը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առևտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, կազմակերպության ընթացակարգով Հայաստանը պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ:


«Հայաստանն ավելի արագ քայլերով է անդամակցում Մաքսային միությանը (ՄՄ), քան նախատեսված է ճանապարհային քարտեզով»,- այս մասին դեռևս այս տարվա մարտին փաստեց Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան: Երևանում նա հայտարարեց, որ Հայաստանի հետ բանակցային այս գործընթացը կարելի է գրքի մեջ գրել, թե ինչպես պետք է անցկացնել բանակցությունները, ինչպիսի բարձր պրոֆեսիոնալությամբ։  Այդ ժամանակ ոչինչ չասվեց խոչընդոտների մասին: Իսկ նշված հայտարարությունից ՀՀ կառավարությունը և Մաքսային Միությանը կողմակիցները ոգևորվեցին ու որոշ առիթներով մեջբերեցին Վալովայայի հայտարարությունը:


Բայց մի քանի ամիս  է անցել, ու Ռուսաստանն արդեն խոսում է խոչընդոտների մասին: Դրանք վերացնելու համար Հայաստանին ժամանակ է հարկավոր, իսկ դա ինքնին ենթադրում է, որ Եվրասիական միությանը անդամակցելու ժամանակահատվածը խոչընդոտի պատճառով կարող է երկարաձգվել:


Իսկ ինչո՞ւ  է Ռուսաստանը հիմա բարձրաձայնում այդ խոչընդոտի մասին: Analitik.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատարյանը համաձայնեց, որ միայն իրենք      (Ռուսաստանը) կարող են ասել, թե ինչու են հիմա խոսում ԱՀԿ-ի հետ համագործակցության մասին։ «Իմ տեսակետն այն է, որ այդ պարտավորությունները կային ՀՀ-ի ճանապարհային քարտեզի մեջ, որտեղ գրված է, որ ԱՀԿ-ի  հետ խնդիրներ կարող են լինել ՄՄ-ին անդամակցության հետ կապված։ Վաղուց հայտնի է, որ ԱՀԿ-ի հետ Հայաստանը խնդիրներ ունի։ Թե ինչու է այդ հարցը միայն հիմա ակտուալ դարձել, պետք է Շուվալովին հարցնել»,- նշեց տնտեսագետը։


Հավելենք, որ այդուհանդերձ Շուվալովը շեշտել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագիրը պետք է նախապատրաստվի մինչև հուլիս 1-ը:

 Հիշեցնենք՝ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու ուղղությամբ քայլեր է կատարել դեռևս 1992 թվականից: Հաղթահարելով անհրաժեշտ քայլերը՝  2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը: 2005թ. մայիսի 1-ից Ավետիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Հայաստան-ԱՀԿ համագործակցության պատասխանատվությունը Հայաստանում  կրում է Էկոնոմիկայի նախարարությունը:


Սեդա Հերգնյան

 

Նույն շարքից