Հասարակություն Տնտեսություն 

Ջրային ռեսուրսների դեֆիցիտ կա. Ջրպետկոմի նախագահ

analitik.am

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրավիճակը ոռոգման համակարգերում լարված իրադրություն է, աղբյուրներում ռեսուրսի դեֆցիտ կա, և Կառավարությունն ստիպված ընտրել է ծախսատար լուծում, որպեսզի խորքային շուրջ 110 հորեր վերագործակի՝ գյուղացուն ջուր հասցնելու համար։


Թե ինչն է հանգեցրել նման վիճակին, Անդրանիկ Անդրեասյանը խնդրում է բացատրությունների համար դիմել Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայություններին, քանի որ իրենք փաստն են ֆիքսում։


«Դեֆիցիտը մեղմելու մի քանի եղանակներ ընտրվեցին, առաջինն՝ այն տարածքներում, որտեղ հնարավոր էր և հասանելի էր Սևանա լճի ջուրը, որոշում կայացվեց Սևանա լճից ջուր վերցնել և դրա մասին օրենքը հաստատվեց: Միևնույն ժամանակ Արմավիրի մարզում հատկապես, Արագածոտնի տարածաշրջանում ինտենսիվ ոռոգելի հողատարածքներ կան, որտեղ Սևանա լճի ջուրը հասանելի չէ և հիմնական ջրաղբյուներն են Արաքս գետն ու Ախուրյանի ջրամբարը, որտեղ այս տարի անպատկերացնելի դեֆիցիտ ունենք»,– ասաց նա:


Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ Ախուրյանի ջրամբարը տարվա կեսին կիսով չափ էր լցված, Արաքս գետի ջրատվությունը մի քանի անգամ ընկել էր, և այսօր այդ լարվածությունը պահպանվում է: «Ալտերնատիվները շատ չեն և մեկ ալտերնատիվ կա՝ խորքային հորերից ջուր վերցնելու տարբերակը, ինչին էլ գնաց Կառավարությունը վերագործակելով շուրջ 110 հորերի շահագործման տակ գտնվող, ոչ նոր հորերին»,-նշեց նա։


ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նշեց, թե այս հորերը արտեզյան ավազանում ներառված չեն, ինքնաշատրվանող հորեր չեն, այլ մեխանիկական եղանակով պոմպերի միջոցով վերագործարկվող հորեր են և էլ հավելեց, թե ժամանակին այս տարածաշրջանում 600 հոր է աշխատել, որոնցից միայն կեսն է այսօր օգտագործվում, քանի որ ջարմբար է կառուցվել և Արաքսից է ոռոգման համար ջուր է վերցրել։ 

Անդրանիկ Անդրեասյանը կրկնեց, թե հարցը շահարկում են և համակարգի աշխատանքը ապակայունացնելով, հաշվի չառնելով, որ բավականին լարված սեզոն են տանում և հիմնական տարածքներին՝ Արարատյան հարթավայր, Կոտայք, Արագածոտնի նախալեռները ջուր են հասցնում լարված աշխատանքի արդյունքում և հույս ունեն, որ սեզոնը հաջողությամբ կավարտեն։

Դիտարկմանը, թե մասնագետները պնդում են, որ կլիմայի փոփոխությունը չի կարող ազդել այն աստիճան, որ ջրամբարները դատարկ մնան, պաշտոնյան պատասխանեց. «Ջուր ունենալ և թաքցնելն անբարոյական է, և տեխնիկապես էլ հնարավոր չէ։ Ես հայտարարում եմ, որ տարվա սկզբին Ախուրյանի պես ջրամբարը լցված է եղել 50 տոկոսով, Արաքս գետը, որը գարնանը, ամռանը, որպես կանոն, ջուր է ապահովել, երկու անգամ քիչ ջուր ունի»,- ասաց նա։

Անդրանիկ Անդրեասյանը նաև հերքեց այն տարբերակը, որ Արաքսը ջուր չունի, քանի որ թուրքական կողմից մեծ քանակությամբ ջուր է վերցվում գետից։ «Ո՛չ, նման բան չկա, ջրամբարներ թուրքական կողմը նախագծում է, բայց որևէ ջրամբար շահագործման մեջ դեռևս նման կառույց չի մտել»,– ասաց նա։ 

Հարցին, թե գուցե տեղին են այն մտահոգությունները, որ նման դեֆիցիտի համար ոչ պակաս դեր ունեն ձկնաբուծարանները, որոնք անխնա ջուր են օգտագործում, ապա բաց թողնում Արաքս գետ, Անդրեասյանը պատասխանեց. «Արտեզյան ավազանում մենք ջրօգտագործող ենք բոլորի պես։ Ինչպես ամեն մի ձկնաբույծ դիմում է ավագ մարմին, ջրի թույլտվություն են ստանում, մենք էլ նույն կերպ։ Մենք նոր ջրաղբյուրներ այդ ավազանում չունենք, ընդհակառակը՝ արտեզյան հորերը, որոնք ինքնաշատրվանող են, նստել են»։ Նրա պնդմամբ՝ հնարավոր չէ ձկնաբուծարանների օգտագործած ջուրը ոռոգման նպատակով օգտագործել։

«Արտեզյան ավազանից շատրվանող ջրերը տեխնիկապես որտեղ հնարավոր է՝ վերցնում ենք, մնացածը տեխնիկապես հնարավոր չէ, եթե որևիցե մեկը կարող է մեզ տանել ցույց տալ, այս արտեզյան ավազանից ձկնաբույծների կողմից օգտագործված ջուրը երկրորդական եղանակով կարելի է այնպես օգտագործել, մենք, անպայման, դա կիրականացնենք, ասում եմ՝ չկա»,- ասաց նա։


Իսկ թե ինչու ընդհանրապես չեն փակում ձկնաբուծարանները հարցը Անդրանիկ Անդրեասյանն անպատասխան թողեց։

Նույն շարքից