Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի են դարձել ԱՄՆ պետքարտուղարի և նրա կնոջ կազմակերպած շքեղ ընթրիքների մանրամասները

analitik.am

 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր կնոջ՝ Սյուզենի հետ 2018 թվականից պարբերաբար շքեղ ընթրիքներ են կազմակերպել, որին հրավիրել են մեծահարուստ գործարարների, Գերագույն դատարանի դատավորների և քաղաքական գործիչների: Դրանք ստացել են «Մեդիսոնի ընթրիք» անվանումը ՝ ի պատիվ Միացյալ Նահանգների 4-րդ նախագահի և 5-րդ պետքարտուղար Ջեյմս Մեդիսոնի, ով սիրել է հավաքել քաղաքական գործիչների և մտավորականների։ Այս մասին ասված է BC News-ի հոդվածի մեջ:

Պետդեպարտամենտի աղբյուրները հայտնել են, որ Պոմպեոն ընթրիքները կազմակերպել է ոչ թե իր, այլ՝ հարկատուների հաշվին: Ըստ տեղեկությունների, 2018 թվականից ի վեր ԱՄՆ պետքարտուղարը կազմակերպել է առնվազն 20 ընթրիք, որին մասնակցել են մոտ 500 մարդ: Հրավիրվածների շուրջ 29 տոկոսը եղել են գործարարներ, մոտավորապես նույն թվով քաղաքական գործիչներ, կառավարության անդամներ։ Հյուրերի մեկ քարորդը եղել են լրատվամիջոցների և զվարճանքի ոլորտի ներկայացուցիչները, և միայն 14 տոկոսը դիվանագետներ կամ այլ երկրների պաշտոնատար անձինք:

Նյու Ջերսիի նահանգի սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ անհանգստացած է այն լուրերից, թե Պոմպեոն միջոցառումները կազմակերպելիս հնարավոր է՝ օգտագործել է հարկ վճարողների միջոցները, ովքեր ոչ մի առնչություն չունեն արտաքին քաղաքականության հետ:

Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտեգուսն ընթրիքներն անվանել է լավ առիթ գիտնականների, ձեռներեցների, դիվանագետների և լրագրողների հետ արտաքին քաղաքականության բարդ խնդիրները քննարկելու համար: Նա ավելացրել է, որ Պոմպեոն «շատ բան է ստացել» այդ հանդիպումներից:

Հոդվածում նշվում է, որ «Մեդիսոնի ընթրիքները» սովորաբար սկսվում են 18:00-ին և ավարտվում 21:00-ին: Հյուրերին նախ հյուրասիրում են կոկտեյլներ, այնուհետև մատուցվում են հիմնական ուտեստները:

Հունվարին տեղի ունեցած վերջին միջոցառման ժամանակ՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման ֆոնին, Պոմպեոն և նրա կինը հյուրընկալել են Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ռամ Բինթ Բանդարին, «Raytheon»-ի գործադիր տնօրեն Թոմաս Քենեդիին, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին և «Fox News»-ի հաղորդավար Բրայան Կիլմիդին:

Հրապարակման աղբյուրները հայտնում են, որ նմանատիպ միջոցառումներին Սյուզեն Պոմպեոն մեծ դեր ունի. Նա անմիջական շփում է ունենում քաղաքական գործիչների հետ, հաստատում է հյուրերի ցուցակը և ճաշացանկը:

Նշվում է նաև, թե որոշ պաշտոնյաներ վախենում են, որ Մայք Պոմպեոն կշարունակի օգտագործել ընթրիքները, որպեսզի ոչ պաշտոնական մթնոլորտում շփվի հանրապետական ​​կուսակցության ղեկավարության կամ նրանց ֆինանսական հովանավորների հետ:

Հոդվածում ասվում է նաև, որ Պոմպեոն այդ կերպ պատրաստվում է 4 տարի հետո իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում։

 

Նույն շարքից