Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Պարգև Սրբազանը յուրահատուկ խոսքերով օրհնեց Արցախի նորընտիր նախագահին

analitik.am

 

Ոսկե օրենք կա. Եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկնի, նախագահը կամ թագավորը ծնկի իջնեն ու աղոթեն, Աստված անպայման կլսի դա, բայց եթե առաջին դեմքը սխալվի, ամբողջ ազգը ծնկի գա, մենք չգիտենք՝ Աստված կների, թե չէ: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության ժամանակ ասաց Պարգև Սրբազան:

«Ահա թե ինչու առաջին դեմքի պատիվը մեծ է, պարտականությունը՝ առավել ևս: Վստահ եմ, որ Արայիկ Հարությունյանի երկարատև պետական այրի գիտելիքներն ու փորձն ամբողջովին ի նպաստ կդնի մեր հայրենիքն անսասան պահելու, ժողովրդին հույս ու ոգի տալու: Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք:

Ինչպես 17 տարեկանում զենքն ուսին պաշտպանել եք հայրենիքը, այսօր շարունակելու եք նույն նվիրական, վսեմ առաքելությունը՝ ամենաբարձր դիրքերից: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ քաջաբար ծառայեք, ուրախությամբ ծառայեք, արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, անվախորեն տարեք առաջ մեր ժողովրդին՝ արդարացնելով մեր հերոսական ժողովրդի իղձերն ու երազանքները:

Մենք միշտ Ձեր կողքին ենք լինելու: Մեր ազգը 5 տարով վստահությունը տվեց Ձեզ ու ձեր թիմի հետ յուրահատուկ հույսեր է կապում: Մաղթում եմ Ձեզ կատարյալ հաջողություն, հայրենասիրության ասպարեզում և ի վայելումն ազգից հայոց: Ձեզ բարի երթ դեպի նորանոր բարի պտուղներ հանուն խաղաղության անվտանգության և մեր ժողովրդի բարգավաճման»,-ասաց նա:

Ապա Արցախի թեմի առաջնորդի առաջարկով բոլորը կանգնեցին ու լսեցին աղոթքը։

Նույն շարքից