Կորոնավիրուս Հասարակություն 

Ցուկերբերգը վստահ է, որ «Facebook»-ի աշխատակիցների 50 տոկոսը կաշխատի տնից մինչև 2030 թվականը

analitik.am

 

«Facebook»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը վստահ է, որ մինչև 2030 թվականն ընկերության աշխատակիցների կեսը կաշխատի հեռակա կարգով: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, որը ցուցադրվել է երեկ՝ մայիսի 21-ին:

«Wall Street Journal»-ը գրում է, որ «Facebook»- ի ղեկավարն այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով ընկերության հաջող աշխատանքը նոր կորոնավիրուսային պանդեմիայի համատեքստում, երբ աշխատակիցների մեծ մասը սկսել է հեռավար աշխատել:

Ցուկերբերգի խոսքերով, ամռանից սկսած, «Facebook»-ը կսկսի հավաքագրել նոր աշխատակիցներ, հիմնականում ինժեներներ, որոնց կառաջարկվի աշխատել տնից կամ գրասենյակից:

Միևնույն ժամանակ, 2021 թվականից ընկերության ներկայիս աշխատակիցները կկարողանան հայտարարություն ներկայացնել՝ հեռակա աշխատանքը շարունակելու համար: Յուրաքանչյուրի դեպքում որոշումը կկայացվի արդյունավետության ցուցանիշների հիման վրա:

Ներկայումս, ըստ «Wall Street Journal»-ի, ընկերությունում աշխատում է շուրջ 45 հազար մարդ:

Ցուկերբերգը նշել է, որ իր հաշվարկներով՝ մինչև 2030 թվականը, «Facebook»-ի աշխատակազմի 30 տոկոսից 50 տոկոսը կաշխատեն հեռակա կարգով:

Նա պարզաբանել է, որ դրա համար նրանք պետք է տիրապետեն որոշ նոր տեխնոլոգիաների և սարքերի, որոնք արդյունավետորեն կկազմակերպեն աշխատանքները գրասենյակի սահմաններից դուրս:

Նա նաև ասել է, որ ընկերությունը մտադիր է ստեղծել մի քանի կենտրոն ամերիկյան խոշոր քաղաքներում, որպեսզի անհրաժեշտության դեպքում աշխատողները հանդիպումների և այլ միջոցառումների համար ունենան համապատասխան վայր։

 

Նույն շարքից