Կորոնավիրուս Հասարակություն 

Սովի՞ց մեռնենք, թե՝ վիրուսից. Քաղաքացիները՝ դիմակների մասին

analitik.am

 

Անահիտը տնային տնտեսուհի է, չի աշխատում: Նրա երկու աղջիկները և ամուսինը աշխատանք ունեն: Ամեն օր նրանց ընտանիքը գնում է 1000-1500 դրամի դիմակ և ձեռնոց: Աղջիկները խանութում են աշխատում, ամուսինը`տաքսի է վարում, նաև աշխատանքի բնույթից է, որ պետք է մշտապես ունենան անվտանգության միջոցներ, իսկ թե ինչպես է ընտանիքն ամեն օրը երեք անձի ապահովում դիմակներով և ձեռնոցներով՝ մեծ հարց է:

«Կամ սովից պիտի մեռնենք, կամ՝ վիրուսից. Պատվի հարց է: Մտածում եմ՝ վիրուսից չմեռնենք՝ դիմակ առնենք, բայց սովից մեռնել էլ պատվի հարց է»,- դառը կատակում է Անահիտը:

Ըստ նրա, տան յուրաքանչյուր անդամը ամեն ամիս մոտ 15 հազար դրամի դիմակ ու ձեռնոց է գնում, այլ տարբերակ չկա: Խանութը ձեռնոցներ տրամադրում է, սակայն դիմակները գնում են աղջիկները: Նա զարմանում է, թե ինչպես են 30 դրամանոց դիմակները դարձել 250 դրամ, իսկ վերահսկող չկա:

«Բախտս բերել է, որ չեմ աշխատում, թե չէ ավելի շատ փող էինք ծախսելու դիմակի ու ձեռնոցի վրա: Ամուսինս ամբողջ օրը դիմակ երեսին է, մեքենան անընդհատ ախտահանում ու մաքրում է: Մի ժամանակ վրայից օղու հոտ էր գալիս, եթե ալկոգել չէր լինում, մեքենան օղիով էր մաքրում. Էդ ամենը փող է, չէ»,- ասաց նա և հավելեց, որ իրենց տանը սննդի համար նախատեսված գումարով դիմակ ու ձեռնոց են առնում:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ թոշակառու հարազատ ունի, ում ասում են՝ նստի տանը: Ստիպված ազգականն է նրա համար գնումներ անում՝ թոշակի մի մասը տալով դիմակներին. Հաց է գնում ու դիմակ:

«Մի ժամանակ ասում էին 50-ից բարձր անձանց դիմակներ ու ձեռնոցներ կբաժանեն, ո՞ւր է, ոչ մի անգամ ոչ բաժանել են, ոչ էլ: Թողնես մենակ խաբեն»,- ասաց Անահիտը և շեշտեց, որ գոնե թոշակառուներին ու տարիքով անձանց պետք է դիմակներ ու ձեռնոցներ բաժանեին, որ մարդիկ իրենց թոշակը չտային դեղատները ու տուն գնային:

Ինչ վերաբերում է դիմակ ու ձեռնոց չունենալու դեպքում 10 000 դրամ տուգանվելուն, Անահիտը հարց է բարձրացնում՝ իսկ եթե ինքը փող չունի, ի՞նչ են անելու, բաժի՞ն են տանելու: Նա այդ մտքից ծիծաղում է:

«Ես մարդ գիտեմ, որ էս օրերին աշխատանքը կորցրել է, մի հատ դիմակ է առնում մի քանի օր օգտագործում: Նա ոչ աշխատանք ունի, ոչ էլ՝ փող, որ դիմակ առնի: Թողնես մենակ խոսեն, բայց էս մարդկանց հարցերը ո՞վ պիտի լուծի: Կամ էլ բարեգործներ ունենք, թող դիմակներ բաժանեն, որ մարդիկ ստիպված չլինեն իրենց հացի փողը տալ դիմակի: Կամ էլ թող էդ նախարարներին, պատգամավորներին պարգևավճարներ չտան, դիմակներ ու ձեռնոցներ առնեն ու բաժանեն ժողովրդին, հետո պահանջեն, թե չէ պահանջելը հեշտ է»,- ասաց նա:

Նունեն խանութում է աշխատում, ասում է, որ տարածքում մեծահարուստներ են ապրում: Երբ մտնում են խանութ, հիմնականում դիմակ չեն կրում, անգամ զգուշացնելուց հետո ասում են՝ «դուք ձեր գլխի ճարը տեսեք, մենք մեր հարցը կլուծենք»:

«Երեկ մի մեծահարուստ էր մեր խանութում՝ առանց դիմակի, զգուշացրեցին, որ դիմակ դնի, ասաց «էնպես մի արեք, որ մեր աչքից ընկնեք»: Անգամ երբ ասում ենք, որ խանութը տուգանվում է իրենց դիմակ չկրելու պատճառով, իրենց համար միևնույնն է»,- ասաց Նունեն:

Նա զգուշանում է վարակվելուց և անընդհատ դիմակով է, սակայն այդպես աշխատելը ևս դժվար է, հաճախ է հևում, սակայն դիմակը չի հանում:

«Մեր կողքի խանութ էի մտել անցած օրը՝ դիմակով, ոչ մեկ չէր դրել, ինձ վրա էլ խնդում էին, թե տեսեք դիմակ է դրել, վախենում է: Հա, ես վախենում եմ էդ վիրուսից, թող ասեն վիրուսը ստից է, տենց բան չկա: Ես վախենում եմ վարակվելուց, ինչքան էլ դիմակով դժվար է շնչելը, դնում եմ»,- ասաց Նունեն և նկատեց, որ հաճախ դիմակներից ռեզինի հոտ է գալիս, հասկանում է, որ էժանագին դիմակներ են, սակայն թանկարժեք դիմակներ առնելու հնարավորություն չունի, մնում է էժանագին դիմակը` ռեզինի հոտով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից