Քաղաքականություն 

Սա առաջին վճիռն է, որ հստակ ամրագրում է․ Ռ․Սաֆարովի գործողությունները պայմանավորված են հայերի նկատմամբ դրսևորված խտրականությամբ. Ռուբեն Մելիքյան

analitik.am

 

 

Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով: Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիան՝ ազատելով արտահանձնված սպային, ով կացնով սպանել էր հայ սպային:

Analitik.am-ի հետ զրույցում իրավաբան, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ՄԻԵԴ-ի որոշման կետերը մեկնաբանեց:

Նա նշեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը բողոքարկվել է երկու տեսանկյունից, առաջինը նյութական. հարց է բարձրացվել, որ Ռ. Սաֆարովի գործողությունները համազոր են Ադրբեջանի գործողություններին:

Նաև նույն հոդվածի շրջանակներում երկրորդ պահանջն էր, որ երկրորդ հոդվածի շրջանակներում ճանաչել այդ մարդասպանին ներում շնորհելը և մյուս բոլոր գործողությունները, որ կատարվել են՝ խախտել են Գուրգեն Մարգարյանի երկրորդ հոդվածով սահմանված իրավունքը:

«Երկու պահանջները բավական բարդ պահանջներ էին և ՄԻԵԴ-ը առաջինով խախտում չի ճանաչել, սակայն երկրորդով Եվրոպական դատարանը խախտում ճանաչել է»,- ասաց նա և հավելեց, որ ՄԻԵԴ-ը չի պնդել, որ Սաֆարովի գործողությունները Ադրբեջանին վերագրելի գործողություններ են, ոչ թե մեկ անձի գործողություններ:

Բացի այդ, նյութական պահանջի առնչությամբ դատավորներից մեկը հատուկ կարծիք է հայտնել. նյութական բաղադրիչով հնարավոր է բողոքարկել վճիռը:

Ըստ իրավաբանի, բողոքարկման համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ որոշումը միաձայն չի կայացվում և հնչել է դատավորներից մեկի հատուկ կարծիքը, իսկ հատուկ կարծիքի պարագայում հաճախ են լինում բողոքարկումներ:

«Այս վճիռը կարևոր է նաև նրանով, որ մինչ այս ընդունած ՄԻԵԴ-ի վճիռներով հայ լինելու համար խտրականության արգելքի խախտում ճանաչված չի եղել, սա առաջին վճիռն է, որ հստակ ամրագրում է. Ռ Սաֆարովի գործողությունները պայմանավորված են հայերի նկատմամբ դրսևորված խտրականությամբ»- ասաց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ-ը:

Նա նաև շեշտեց, որ այս որոշումը շատ կարևոր փաստաթուղթ է, որը կարող է օգտագործվել հայ դիվանագիտության կողմից:

Հարցին, թե արդյո՞ք կարող է ՄԻԵԴ-ի որոշումն այլ կերպ լինել, Ռ. Մելիքյանը պատասխանեց, որ կարող էր: Նա հատկապես կարևորեց նյութական բաղադրիչով խախտման ճանաչումը, որը տեղի չի ունեցել և, ըստ նրա, եթե առնվազն ևս 3 դատավոր համաձայներ հատուկ կարծիք արտահայտած դատավորի կարծիքի հետ, արդյունքն ավելի լավ կլիներ: Բացի այդ, կարող էր գնահատական տրվեր Հունգարիայի գործողություններին:

Նա չբացառեց, որ այս որոշումից ավելի ոչ բարենպաստ որոշում ևս հնարավոր էր ընդուներ ՄԻԵԴ-ը, որտեղ չլիներ 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելքը. Այս հոդվածն անգամ Մանվել Սարիբեկյանի գործով չճանաչվեց, երբ առկա էին դրա համար բոլոր հիմքերը:

«Գուրգեն Մարգարյանի գործով իրավաբանական մեծածավալ աշխատանք է կատարվել նաև ադրբեջանագետների կողմից. ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովա, Էդգար Էլբակյան: Այստեղ կարևոր է նաև այն փաստակազմը, ապացույցների շրջանակը, որը ներկայացված է եղել Եվրոպական դատարանին և Եվրոպական Դատարանը փաստարկների ուժով այլ տարբերակ չի ունեցել և ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը»,- ասաց իրավաբանը:

Նա նաև հաղորդեց, որ ՄԻԵԴ-ի դատավորներից մեկը ներկայացրել է Ադրբեջանը, քանի որ բողոքն այդ երկրի դեմ էր և այս պայմաններում շատ որակյալ փաստաբանական աշխատանք է իրականացվել՝ նման որոշում ունենալու համար:

Ռուբեն Մելիքյանը հատուկ շնորհակալական խոսք ուղղեց փաստաբան Սիրանույշ Սահակյանի գլխավորությամբ փաստաբանական թիմին՝ նման կարևոր հաղթանակի համար:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից