Տեսանյութեր Քաղաքականություն 

ԲՀԿ-ն ձեռք մեկնեց «Իմ քայլին» և չբռնեց «լուսավորականների ձեռքը». Աղմկահարույց փաթեթն ընդունվեց

analitik.am

 

Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթին կողմ արտահայտվեց 83 պատգամավոր, դեմ՝ 16: Նախագծին կողմ արտահայտվեց «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ՝ ԲՀ-ն, իսկ ԼՀ-ն չմասնակցեց քվեարկությանը:

Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ նախագիծը հակասահմանադրական է: Նա նշել էր, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը՝ նույնն առաջարկելով ԲՀԿ-ին՝ հավելելով, որ այդպես կտապալեն նախագծի ընդունումը:

Արդեն քվեարկությունից հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԺ-ն ընդունեց հակասահմանադրական օրենք. «ԱԺ լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ:

Սահմանադրության 208-րդ հոդվածում հանրաքվեի մասին մեկ դրույթ կա, այն վերաբերում է հանրաքվեն հետաձգելուն, չեղարկելու մասին դրույթ չկա:

Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել ու չեղարկել հունիս ամիսը, կամ Նոր տարին: Այդիսկ պատճառով ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում է հայտնել ու դեմ քվեարկել»:

Հարկ է նշել, որ քվեարկությունից առաջ, Էդմոն Մարուքյանի առաջարկից հետո ԲՀԿ-ականները 20 րոպե ընդմիջում էին պահանջել:

Հավելենք, որ ԱԺ-ն ավելի ուշ նաև որոշում կայացրեց փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկել հատուկ կարգով՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։

 

Նույն շարքից