Հայաստան Քաղաքականություն 

Նիստը դռնփակ անցկացնելու հրահանգն իջեցվել է ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողովում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դռնփակ նիստը, որին մասնակցում էին բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից հեռացման դիմում գրած Սմբատ Գոգյանն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մեծ թվով հարցականներ է առաջացրել ոչ միայն քաղաքացիների, այլև հենց հանձնաժողովականների շրջանում:

Թե՛ պատգամավորներին, թե՛ Գոգյանին ի սկզբանե ասված է եղել, որ նիստը բաց է լինելու, բայց վերջին պահին «իրավիճակ է փոխվել»: Հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրից «Իրատեսը» հետաքրքրվեց. «Ո՞վ և ի՞նչ ուներ թաքցնելու, դա էլ հո ռազմական գաղտնիք պարունակող քննարկում չէ՞ր, որ դռնփակ անցկացվեց»:

«Պատգամավորները հաստատ թաքցնելու բան չեն ունեցել, ավելին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Սմբատ Գոգյանն էլ կաշկանդված չեն եղել: Նիստը դռնփակ անցկացնելու հրահանգը ամենավերևից է իջեցվել՝ ոչ թե նախարար Արայիկ Հարությունյանի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Քննարկումը հանգիստ է անցել, փոխնախարարը պատասխանել է բոլոր հարցերին, իսկ բովանդակալի՞ց պատասխաններ է տվել, թե՞, այսպես ասած, «կրուտիտ» արել, չգիտեմ, փաստն այն է, որ դրանից հետո նրա կամ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականի պահանջն օրակարգային չի դարձել»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ թեև վարչապետը մինչ այս պահը չի ստորագրել Գոգյանի հրաժարականի դիմումը, բայց ԲՈԿ նախագահը կլքի պաշտոնը: Մեր զրուցակիցն ավելացրեց նաև, որ սուպերնախարար Հարությունյանի «լայվը» տալիս է բոլոր հարցերի պատասխանը. «Նա հստակ «մեսիջ» ուղարկեց՝ կա՛մ ես ու փոխնախարար Թամրազյանը, կա՛մ՝ Գոգյանը: Շատերն են տարակուսած` ի՞նչ բացառիկ շնորհի կամ տաղանդի համար է Հարությունյանը ատամներով պահում Թամրազյանին: Մի բան հստակ է՝ Գրիշան հարցեր լուծող է, ուժով լինի, դիվանագիտությամբ, թե «տղայականով», չի թողնում, որ Հարությունյանը նեղվի ինչ-որ բանից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից