Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի միջև այսօր Լոռու մարզպետարանում կնքվեց թվային շարժական ռենտգեն համակարգի նվիրատվության պայմանագիր։
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ձեռքբերելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը, համավարակի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով, դիմել էր «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ մարզի առողջապահական համակարգին աջակցելու խնդրանքով:
Ի պատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետերերի որոշմամբ միաձյան կերպով Լոռու առողջապահական համակարգին օգնելու որոշում էր կայացվել:
Շնորհակալություն հայտնելով մեծ աջակցության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ նվիրաբերված սարքավորումն արդեն իսկ տեղադրված է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Մինչ այժմ կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդներին ինֆեկցիոն հիվանդանոցից ստիպված էինք լինում տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, թիվ 2 և թիվ 3 համաբուժարաններ՝ ռենտգեն իրականացնելու համար, այժմ այդ խնդիրը լուծված կլինի»,-ասաց մարզի ղեկավարը:
Վլադիմիր Նալիվայկոն իր հերթին նշեց, որ չափազանց ուրախ են համավարակի դեմ պայքարի գործում իրենց մի փոքր մասնակցությունն ունենալու համար: