Քաղաքականություն 

6-րդ վաշտի հրամանատարի՝ Սերգեյի որդին նշանակվել է նախարարի տեղակալ

Հունիսի 4-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակել եմ իր անխոնջ աշխատանքով աչքի ընկած երիտասարդ Արմեն Թովմասյանին: Արմենը մեր՝ 6-րդ վաշտի հրամանատարի՝ Սերգեյի որդին է, ով հերոսի մահով ընկել է պատերազմի դաշտում՝ մեզ թողնելով ազատագրված հայրենիք: Այս մասին իր էջում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արմենը պաշտոնյաների շրջանում միակ հերոս նահատակի զավակը չէ: Պատերազմի դաշտում հանուն խաղաղության ու ազգային արժանապատվության իրենց կյանքն են զոհել նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի հայրը՝ Ավետիս Գրիգորյանը, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի հայրը՝ Գրիգորի Արզումանյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հայրը՝ Արտյոմ Բեգլարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Աշոտ Դանիելյանի հայրը՝ Կամո Դանիելյանը, Արշակ Գրիգորյանի հայրը՝ Վիգեն Գրիգորյանը, ԿԳՍ (նախկին) նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի հայրը՝ Յակով Դանիելյանը: Ու շարքն այս կարելի է անվերջ շարունակել…

Տարիների հեռվից նրանց զավակներն են շարունակում անձնազոհ ծնողների կիսատ թողածը՝ սեփական երկրի իսկական տերը և ծառան լինելու լիարժեք իրավունքով ու պարտավորությամբ: Եվ հայրենիքին ծառայելու սուրբ գործը շարունակելու պատիվն ու հնարավորությունը տասնապատիկ ավելի պարտավորեցնող են:

Խոնարհվում եմ հայրենիքի ազատության համար իրենց կյանքն ու առողջությունը զոհած բոլոր հայորդիների առջև…»,-գրել է նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից