Քաղաքականություն 

Իշխող մեծամասնության կողմից «վռազ ռեժիմով» սղղացրած սահմանադրության փոփոխությունների օրենքը խայտառակություն է․ պատգամավոր

 

Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ամենաանպատվաբեր մեթոդներով փորձում են «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ

Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների անունից գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին:

Մեր պահանջն է օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել օրենսդիր իշխանության այն ներկայացուցիչներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնք իրենց գործուն մասնակցությամբ նպաստել են իշխանության յուրացմանը և Սահմանադրական կարգի տապալմանը:

Սա մեր կողմից իրականացվող քաղաքական գործընթացների իրավական հաջորդականությունն է՝ գլխավոր դատախազությանն ուղղված հիմնավոր պահանջով, օրինակության և արդարադատության վերականգնման կոնկրետ ակնկալիքով:

Գաղտնիք չէ, որ արդեն ավելի քան մեկ տարի, Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ու սուպերվարչապետության մասին ամպագոռգոռ ճառեր կարդացողները, ոտնահարելով իրավական, բարոյական և մարդկային բոլոր չափորոշիչները, փորձեցին ամենաանպատվաբեր ու անարժանապտիվ մեթոդներով «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ:

Իրեն ժողովրդավարական հռչակած երկրում արդեն ավելի քան մեկ տարի է ընթանում է Սահմանադրական դատարանի բռնազավթման գործընթաց:

Այս մասին վկայում են վերջին մեկ տարվա՝ մեկը մյուսին հաջորդած բոլոր գործողությունները:

Վահե Գրիգորյանին օրենքի խախտումներով ՍԴ դատավոր դարձնելուց, վերջինի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց մինչև դատարանների արգելափակում, ճնշումներ ՍԴ անդամների նկատմամբ, նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինական կաշառքի նախագիծ:

Իսկ վերջին օրերին իշխող մեծամասնության կողմից ամենափնթի կերպով մշակած և «վռազ ռեժիմով» սղղացրած սահմանադրության փոփոխությունների օրենքը պարզապես խայտառակություն է և դասական օրինակն այն բանի, թե ինչպես երկիրը «լավագույնս» վարկաբեկել միջազգային կառույցների առջև:

Էլ չեմ խոսում իշխանության վերին օղակների՝ մեկը մյուսին հաջորդած հակասական հայտարարությունների ու քայլերի մասին:

Այս ամբողջ գործընթացում, սակայն, ամենազավեշտալին այն է, որ նախկիններին Սահմանադրությունն իրենց հագով կարելու մեջ մեղադրողներն այդ նույն նախկիններին գերազանցեցին բոլոր առումներով:

Աչքի տեսածը ցույց տվեց, որ նորերն, ի տարբերություն նախկինների, անգամ կարուձևի մեջ են շաաատ անտաղանդ:

Այնքան, որ իրենց ուզածին հասնելու համար մեկ օրենքում 18 անգամ փոփոխություններ արեցին՝ 18 անգամն էլ ամենափնթի ձևով, տարրական գիտելիքների պակասն ի լուր աշխարհի ի ցույց դնելով, ոչ միայն իրենց, այլև պետության հեղինակությունը կասկածի տակ առնելով:

Փաստացի, իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները գործի դրեց ՍԴ-ն զավթելու համար:

Եթե ձեզ թվում է, որ ամեն գնով հասնելով ձեր ուզածին, խուսափելու եք պատասխանատվությունից, չարաչար սխալվում եք:

Իշխանությունը զավթելն ու սահմանադրական կարգի տապալումը ծանր հանցանք է, և այդ հանցագործության բոլոր հեղինակներն ու մասնակիցները պետք է պատասխան տան օրենքի, պետության ու որ ամենակարևորն է՝ ժողովրդի առաջ:

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից