Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջերկրական ծովում թուրքական և ֆրանսիական նավերի միջև տեղի ունեցած միջադեպին։

Գերմանիայի ԱԳ նախարար Հեիկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ թուրք նախարարը պնդել է, որ Ֆրանսիան նշված միջադեպի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է հաղորդել ՆԱՏՕ-ին։

«Ֆրանսիան ճշմարտությունը չի ասել ՆԱՏՕ-ին, մենք դա ապացուցել ենք։ Կեղծ տեղեկատվությամբ հակաթուրքական գործողություններ կատարելու փոխարեն Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի մեզանից», - հայտարարել է Չավուշօղլուն։

Նշենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հունիսի 10-ին հայտնել էր, որ թուրքական ռազմանավը Միջերկրական ծովի արևելքում ագրեսիվ պահվածք է դրսևորել ֆրանսիական «Courbet» նավի նկատմամբ։ Միջադեպի ուսումնասիրումը ստանձնել էր ՆԱՏՕ-ն, որին կողմերը ներկայացրել էին իրենց փաստարկները։

Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները առանց այդ էլ վերջին շրջանում լարված են հատկապես Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած հորատման աշխատանքների, ինչպես նաև՝ Սիրիայում և Լիբիայում վերջինիս գործողությունների պատճառով։

Այդ համատեքստում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հարցը կքննարկվի հուլիսի 13-ին հրավիրված ԵՄ նախարարների ժողովում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից