Հասարակություն Տեսանյութեր 

Ոստիկանները հեռացել են ArmNews-ից. Փորձագետի կարծիքով, փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հուլիսի 3-ին, ոստիկանության աշխատակիցներն այցելել են ArmNews հեռուստաընկերություն: Պատճառն այն է, որ հեռուստաընկերության մեկնաբաններից Աբրահամ Գասպարյանը եթերում հանդես է եկել առանց դիմակի, ինչի արդյունքում վարչական վարույթ է հարուցվել:

Tert.am-ի հետ զրույցում «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության փորձագետ Էդգար Խաչատրյանը նշեց, որ ոստիկանության միջոցով ազատ խոսքի վրա ճնշումներ են գործադրվում, փորձ է արվում սահմանափակել այս կամ այն լրատվամիջոցի գործունեությունը. «Այս դեպքը կարելի է դասել նմանօրինակ դեպքերի շարքին»:

Խաչատրյանի խոսքերով, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ասել է, որ դիմակը տաղավարում կրելը պարտադիր չէ, թույլ է տրվել չկրել. «Թե ինչու է ոստիկանությունը ներկայացել ու փորձում է վարչական վարույթ հարուցել, անհասկանալի է»:

Փորձագետը կարծիք հայտնեց, որ փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել. «Ես ազատ մամուլի դեմ ճնշում եմ տեսնում»:

Հարցին, թե ինչու է վարույթ հարուցվել հենց ArmNews-ի նկատմամբ, եթե այլ հեռուստաընկերություններում ևս երբեմն դիմակ չեն կրում, Խաչատրյանը նշեց, որ դիմում է եղել՝ նաև ենթադրելով, որ լրատվամիջոցը միգուցե խոսում է այնպիսի բաներ, որոնք հաճո չեն այսօրվա իշխանություններին կամ որոշ անձանց. «Զարմանալի է, թե ինչու դիմումներ չեն եղել մյուս տաղավարների մասով, որտեղ դիմակ չեն կրել: Ես կոչ եմ անում, որ այդպիսի դիմումներ չլինեն, իսկ ոստիկանությանը՝ որ չայցելեն լրատվամիջոցներ ու վարչական վարույթներ չհարուցեն, եթե ՀՌՀ-ն թույլ է տվել առանց դիմակ լինել եթերում: Փաստորեն ստացվում է, որ երկու պետական գերատեսչությունների գործողությունների մեջ հակասություններ կան»:

Փորձագետը տեսակետ հայտնեց, որ լրագրողական համայնքը պետք է համատեղ հանդես գա, միասնական լինի, հակառակ դեպքում վերոնշայլ դեպքերը շարունակվելու են: Նա կարևորեց նաև իրավապաշտպանների խոսքը, ինչպես նաև ՀՌՀ-ի նախագահի խոսելը, ով թույլ է տվել եթերում լինել առանց դիմակ:

 

Նույն շարքից