Իրավական 

ՊԵԿ նորանշանակ նախագահը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ»-ի նկատմամբ կիրառել է նախազգուշացում

«Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է հաշվետվությունների ներկայացման կարգ խախտում՝ 2020թ-ի ապրիլ ամսվա համար ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է ներկայացվել սահմանված ժամկետից ուշ՝ 21.05.2020թ-ին։

Հունիսի 17-ին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաման է ստորագրել, որով հրամայել է սահմանված պահանջը խախտելու համար «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։

«Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է»,-նշված է հրամանում։

Նշենք, որ «Օնիրա Քլաբ»-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին նշված է նրա գույքի և եկամուտների հայտարարագրում։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, գիտակցելով 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «ա», «բ», «գ» ենթակետերի ուժով 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն և /կամ/ շահումով մեքենայացված խաղ և /կամ/ անմիջականորեն /խաղասրահի միջոցով/ ինտերնետ շահումով խաղ բացառապես կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված հեռավորությամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում, Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնելու հնարավորության հանգամանքի մասին, արտոնյալ պայմաններով գործունեությունը նույն վայրում շարունակելու, շահումով խաղերի բնագավառում մենաշնորհային դիրք զբաղեցնելու և ՀՀ կառավարությանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, թաքցնելով իրական փաստերը, խաբեության եղանակով՝ մինչ այդ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված և 2011թ. հունվարի 19-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած ընդհանուր 13.3770 հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես վերը նշված ծրագրի շրջանակներում 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրման արդյունքում կառուցված շինություններ և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրն ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և 2013 թ. դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

Այնուհետև, «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում ՀՀ կառավարության կողմից ընձեռնված հնարավորությունից, 2013 թ. դեկտեմբերի 27-ին ստացել են ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում, շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու վերաբերյալ ԽՏ-001 լիցենզիան, որից հետո, անտեսելով շահումով խաղերի, խաղատների գործունեությունը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում /հասցեում/ կազմակերպելու մասին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.3. ենթակետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դիտավորությամբ նույն տարածքի մեկ այլ վայրում, ստացված լիցենզիայի անվան տակ՝ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից