Գլխավոր Հասարակություն 

Ինչու Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեցին Մհեր Մկրտչյանի հոբելյանը. Խոսնակը պարզաբանում է, օգնականը՝ լռում

analitik.am

 

Հուլիսի 4-ին հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի 90 ամյակն էր: Աշխարհահռչակ դերասանի հոբելյանը չշնորհավորեցին ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ՝ նախագահ Արմեն Սարգսյանը:

Այսօր՝ հուլիսի 6-ին, Analitik.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Փաշինյանը չշնորհավորեց մեծ արտիստի հոբելյանը, նշեց, որ պետք է համապատասխան գերատեսչություն զանգահարել. «Այնպես չէ, որ վարչապետը նախկինում մեր բոլոր հայտնի մշակութային գործիչների ծնունդները շնորհավորել է: Նման բան չկա, որ պարտադիր պետք է շնորհավորենք, կամ չշնորհավորենք: Չշնորհավորելու տակ որևէ բան չկա տեսնելու համար»:

Դիտարկմանը, որ ամեն դեպքում խոսքը վերաբերում է հոբելյանին, Գևորգյանը կրկնեց, որ որևէ պատճառ չկա, պետք չէ որևէ պատճառ փնտրել:

Հարցին, թե որն է համապատասխան գերատեսչությունը, վարչապետի խոսնակը նշեց, որ ԿԳՄՍՆ կարող ենք զանգահարել. «Եթե շնորհավորեին, իրենք պետք է շնորհավորեին: Մենք գիտենք, որ Հայկ Մարությանն այցելել է Մկրտչյանի շիրիմին, ծաղիկ է խոնարհել: Գյումրիում են նաև նշել: Որևէ պատճառ պետք չէ փնտրել վարչապետի չշնորհավորելու մեջ»:

Մենք փորձեցինք ճշտել նաև, թե ինչու Արմեն Սարգսյանը չի շնորհավորել մեծանուն արտիստի հոբելյանը: Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը, լսելով մեր հարցը, անջատեց հեռախոսը, իսկ հաջորդ երկու զանգերն անպատասխան մնացին:

 

Նույն շարքից