Հասարակություն 

Հայաստան ֆրանսիացի բժիշկների այցը ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակը» գրում է. «Ֆրանսիայում տպագրվող «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդված է հրապարակվել՝ կապված կորոնավիրուսի բուժման համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների «հումանիտար օգնության» հետ։ Հոդվածը հետաքրքիր վերնագիր ունի՝ «Ճաշի մեջ ընկած մազը»։ Այն նվիրված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Թորոսյանն «ինքնագլուխ» կերպով հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ հրավիրել Հայաստան, նրանց վճարել այդ «հումանիտար օգնության» դիմաց և չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։

Ավելին՝ ժամանած 7 բժիշկներից 5-ը քովիդ երբևէ չի բուժել, և որևէ կերպ չեն կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։ Հոդվածում հենց այդպես էլ գրված է, որ սա արվել է Արսեն Թորոսյանի PR-ն ապահովելու համար։ Այցը կազմակերպվել է Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության շրջանակներում, հոդվածում խոսք է գնում ինչ-որ անհայտ միջնորդների մասին։ Մենք պարզեցինք, որ խոսքը Նիսի հայ համայնքում հայտնի, Թուրքիայից սերած Սամսոն Օզարարատի մասին է, ով մտերիմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։

Հոդվածագիրը բացահայտել է, որ այս ամենն իրականացվել է առանց բժշկական հիմնավորման և առանց դիվանագիտական խողովակների ներգրավման, անգամ առանց Ֆրանսիայի կառավարությանը տեղյակ պահելու։ Եվ սա առաջացրել է Հայաստանի, Սփյուռքի և Ֆրանսիայի մի խումբ բժիշկների զայրույթը։ Մասնավորապես, հոդվածում ներառված է ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էգերյանի կարծիքը, որ հայ բժիշկները շատ լավ մասնագետներ են, հայ ռեանիմատոլոգները հիանալի պատրաստված են և ունակ են օգնություն ցուցաբերել բնակչությանը, հետևաբար՝ արտասահմանցի ռեանիմատոլոգների օգնության կարիքն առնվազն չկար։

Բժիշկները, ովքեր իրենց երկրում փորձ չունեն Covid 19-ի դեմ պայքարում, ընտրվել են՝ առանց հաշվի առնելու նրանց CV-ները և առանց խորհրդակցելու Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղևորության և 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից