Հասարակություն 

Թույլ չենք տալու, որ որևէ մեկը կամ ոմանք, կամ ինչ-ինչ հանգամանքներ թուլացնեն ազգային ինքնության մեր հիմնական պատվարները. Մարկոս քահանա Մանգասարյան

analitik.am

Զարմանում եմ, որ դեռ մարդիկ կան, ովքեր չեն տեսնում, որ մեր ազգային-հոգևոր տեսակի լինել-չլինելու մարտն է մղվում։

Ժողովուրդ ջան արթնացե՛ք թմբիրից, սա խաղ ու պար չէ, սա կատակ չէ։ Օրեցօր, ժամ առ ժամ մեր ինքնության հիմքերը ավելի ու ավելի են թուլացվում։ Մենք իրավունք չունենք լուռ ու հանցագործ անտարբերություն ցուցաբերել։

Առաջին և կարևոր անելիքը մեր ինքնության դեմ մղվող պայքարի դեմ խոսելը, բողոքի ձայն բարձրացնելը պիտի լինի։ Մի՛ լռեք, անպատասխան մի՛ թողեք որևէ որոշում, գործողություն, քայլ, որն ուղղված է մեր ինքնության դեմ։

Մեր ինքնության պահպանման երեք ինստիտուտ կա միայն՝

Ընտանիք
Դպրոց
Եկեղեցի

Մնացյալը՝ այդ թվում այո՛ նաև պետությունը, ածանցյալ են վերը նշված երեք ինստիտուտների։

Այո՛, այսօր լայնածավալ հարձակման են ենթարկվում այս երեքն էլ։ Մի՛ լռեք, ձեր անհամաձայնության ձայնը բարձրացրե՛ք, ձեր իսկ կյանքով, ձեր իսկ կենցաղով հակառակն ապացուցեք։

Ինքնության դեմ մղվող այս պատերազմը քողարկված է առաջադիմության, օրինապահության, լուսավորության, բարձր գիտակցությամբ քաղաքացիության, ժամանակին համահունչ կեցվածքի և այլ իսկապես կարևոր ու գայթակղիչ հատկանիշների ու առաջնահերթությունների քարոզչությամբ։ Այս ամենը, սակայն, կլինեն ու կմնան զարգացած, բայց անդեմ, կիրթ, բայց անբարո, ազատ, բայց աշխարհի գայթակղությանը գերի մարդու արժեքները, քանի դեռ ամենաբարձր մակարդակով կարևորված չէ քրիստոնեական բարոյական արժեքների սերմանումը մատաղ սերնդի հոգում ու սրտում, քանի դեռ ազգն առաջնորդող ընտրյալներն իբրև պետական ռազմավարություն չեն ունենա ազգային ինքնության պահպանումը՝ հայ ընտանիքի, հայ դպրոցի ու Հայոց Եկեղեցու հզորացմամբ։

Մի՛ լռեք, թույլ չենք տալու, որ որևէ մեկը կամ ոմանք, կամ ինչ-ինչ հանգամանքներ թուլացնեն ազգային ինքնության մեր հիմնական պատվարները։

Մարկոս քահանա Մանգասարյան

Նույն շարքից