Իրավական 

Հայտնաբերվել է ընդհանուր 375 գրամ մարիխուանա. ՊԵԿ /լուսանկարներ/

analitik.am

 

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

«Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքում բնակվող 2 երիտասարդ մի խումբ քաղաքացիների անվամբ փոստային առաքանիներով արտերկրից ստանում են թմրամիջոցներ:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից պարզվել են թմրամիջոցի պարունակությամբ առաքանու իրական հասցեատերերը:

Նրանց հրահանգով տաքսու վարորդը առաքանիների ներմուծում իրականացնող ընկերության գրասենյակից թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստացել և տեղափոխել էր Աբովյան քաղաք:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տաքսու վարորդից առաքանին ստանալուց հետո ՀՀ երկու քաղաքացի բերման են ենթարկվել մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:

Անձնական խուզարկության արդյունքում քաղաքացիներից մեկի մոտ առկա առաքանու միջից հայտնաբերվել է 100 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այս մասին օրերս հայտնել էր ՀՀ ոստիկանությունը:

Նպատակ ունենալով բացահայտել դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Արդյունքում կարճ ժամանակ անց ստացվել է նոր տեղեկություն, որ նույնանման եղանակով արտերկրից Հայաստան պետք է ներմուծվեն թմրամիջոցի պարունակությամբ ևս 2 առաքանի:

Հուլիսի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ առաքանիների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 134 գրամ և 141 գրամ մարիխուանա:

Նշված դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից