Հասարակություն 

«Նպատակս Հայրավանքում ու հարակից գյուղերում սպորտը զարգացնելն է». Արման Հայրապետյան

analitik.am

«Երբեք չեմ մտածել գյուղի հետ կապս կտրելու մասին: Ցանկանում եմ Հայրավանքում և հարակից համայնքներում զարգացնել ծանրամարտն ու առհասարակ սպորտը: Նպատակս Օլիմպիական խաղերի չեմպիոն սան ունենալն է»,- ասում է Արման Հայրապետյանը, ով արդեն երրորդ տարին է Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Բերդկունք և Լճափ համայքների ավելի քան 100 երեխայի օգնում է սպորտում առաջին քայլերը կատարել:

Ասում է, որ իր առաջին քայլերը ծանրամարտում կարելի նույնիսկ պատահականություն համարել. «Փոքր հասակից հաճախել եմ տարբեր մարզաձևերի՝ բասկետբոլի, վոլեյբոլի: 14 տարեկանում ծնողներս ինձ Գավառի մարզադպրոց տարան, տնօրենը խորհուրդ տվեց ծանրամարտով զբաղվել: Մինչ այդ երբևէ չէի մտածել ծանրորդ դառնալու մասին, բայց մի քանի պարապմունքի հաճախելուց հետո տարվեցի ծանրամարտով: Ակտիվ հետևում էի Տիգրան Մարտիրոսյանների, Գևորգ Դավթյանի ելույթներին, որոնք մրցաշարերից միշտ մեդալներով էին վերադառնում, ցանկանում էի նրանց նման հաջողությունների հասնել»,- պատմում է Արման Հայրապետյանը:

Տքնաջան մարզումները, ծանրաձողի հետ պայքարն ու որպես արդյունք՝ մրցաշարերում գրանցած բարձր արդյունքներն օրեցօր մեծացրել են ծանրամարտի հանդեպ սերն ու օգնել մասնագիտության կողմնորոշման հարցում: 2009 թվականին Արմանն ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բաժին, ուսմանը զուգահեռ շարունակել է մարզումները, լրացրել սպորտի վարպետի նորմա, բայց բարձրակարգ մարզիկ դառնալու ցանկությունն աստիճանաբար վերածվել է բարձրակարգ մարզիկներ պատրաստելու պատասխանատու աշխատանքի:

«Երբ հերթական անգամ մարզիչներիցս Մելիք Ղուկասյանի հետ զրուցում էինք նպատակներիս մասին, նա ասաց. «Դու լավ ես սովորում և կարող ես լավ սովորեցնել, չե՞ս ցանկանա ձեր գյուղում զարգացնել ծանրամարտը: Մտածիր այդ ուղղությամբ»: Ու ես հիշեցի, թե ինչպես էի ամեն անգամ ավտոբուսով Հայրավանքից Գավառ հասնում, որպեսզի մարզվեի: Շատերն ինձ պես ցանկանում էին, բայց չէին հաճախում գնալ-գալու խնդրի պատճառով: Այդպես բուհն ավարտելուց հետո աստիճանաբար ձեռնամուխ եղա գյուղում մարզասրահ բացելու գործին»,- ասում է Արմանը:

Համայնքապետարանից թույլտվություն և տարածք ստանալով՝ Արմանն առանց կողմնակի օգնության վերանորոգման աշխատանքներ է կատարել, ստեղծել անհրաժեշտ պայմաններ, 10 հազար դոլարի մարզագույք գնել և 2017 թվականի մարտից անցել աշխատանքի: Մարզասրահի տարածքը, որտեղ ժամանակին անգամ լուսավորություն չի եղել, դարձել է Հայրավանքի ամենաակտիվ հատվածը՝ շաբաթը 6 օր Արմանը մարզում է հարազատ համայնքի, Բերդկունքի և Լճափի երեխաներին։

Երիտասարդ մարզիչն իր նախաձեռնությունը ռիսկային չի համարում, ի սկզբանե համոզված է եղել՝ երեխաները մեծ ոգևորությամբ են հաճախելու մարզումների. «Մինչև մարզասրահ բացելը դպրոցում ֆիզկուլտուրա էի դասավանդում․ տեսնում էի, որ երեխաները սպորտի նկատմամբ մեծ սեր ունեն, սակայն շատերին հարմար չէր հասնել Գավառի մարզադպրոց: Այժմ օրական 4 խմբի եմ մարզում, երեխաների՝ սկսած 4 տարեկանից: Բոլորի հետ շատ կապված եմ, երբ մարզում չեմ անցկացնում՝ երազումս եմ տեսնում երեխաներին: Ցանկանում եմ սաներս առաջընթաց գրանցեն, ճանաչված մարզիկներ դառնան»:

Ծանրամարտ, ուժային եռամարտ, ընդհանուր մարմնամարզություն. բոլոր մարզումները, սաներին տեղական և միջազգային մրցումների պատրաստելն Արմանը միայնակ է կազմակերպում, երբ ֆիզիկապես չի հասցնում՝ փաստաթղթային հարցերում օգնության է հասնում կինը: Ծանրաբեռնված աշխատանքը չի հոգնեցնում, Արմանը վստահ է՝ առաջիկա տարիներին օգնականներ է ունենալու՝ ի դեմս իր սաների: Մարզչական գործունեությանը զուգահեռ Արմանը մասնակցում է ուժային եռամարտի մրցումների, կատակում է՝ և՛ սաների մարզիչն է ինքը, և՛ իրենը. «Տղաներին վարժությունները ցույց տալիս, մի քանի կիլոգրամ ավելի եմ բարձրացնում, այդպես ինքս ինձ մարզում եմ»:

Այս շրջանում Արմանը սաների հետ պետք է մրցումների մասնակցեր․ կորոնավիրուսի համավարակը ստիպեց փոխել ծրագրերը, բայց ոչ մարզվելու մտադրությունն ու ցանկությունը։ Երկրում արտակարգ դրության հաստատումից հետո Արմանը մարզասրահի գույքը բաժանել է առավել ակտիվ սաներին, որ նրանք կարողանան տնային պայմաններում շարունակել մարզումները։ Բացի այդ, բոլորի համար մարզումային ծրագրեր է մշակել՝ հեռավար հետևելով դրանց իրականացմանը, իսկ մայիսից սկսել է փոքր խմբերի համար գյուղի ֆուտբոլի դաշտում մարզումներ կազմակերպել։

Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ Արմանն ու սաներն այս օրերին հիմնականում արագուժային մարզումներ են անցկացնում։ Ասում է՝ ստեղծված իրավիճակից ոչ թե ընկճվում են, այլ մտածում՝ որքան լավ մարզվեն, այնքան քիչ կլինի վարակվելու հավանականությունը։

Մինչ օրս սեփական ուժերով գրանցած հաջողությունները ոգևորիչ են, բայց ոչ բավարարող. Արմանը մտադիր է գյուղում մարզադպրոց բացել, որտեղ երեխաները կկարողանան տարբեր մարզաձևերի հաճախել: Տարածքն արդեն ձեռք է բերել, շինարարական աշխատանքներ սկսելու համար ֆինանսական աջակցություն է պետք, որի համար դիմել է տարբեր ծրագրերի:

Նույն շարքից