Տնտեսություն 

Ռուսաստանի շուկան մեզ համար նորություն չէ, մշտապես էլ արտահանել ենք Ռուսաստան և փորձելու ենք կրկնապատկել արտահանման ծավալները

analitik.am

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ այս տարվա մարտի վերջի և ապրիլի սկզբի ցրտահարությունները, դրան հաջոդող կարկտահարությունը էական վնաս չեն հասցրել բերքին: Նախարարն ընդգծեց, որ չնայած պարբերական հրապարակումներին, թե այս տարի ծիրան չի լինելու, մենք ունեցանք բավարար չափով ծիրան և՛ շուկաներում սպառելու, և՛ արտահանելու համար: «12 հազար տոննա ծիրան ենք ունեցել, որից մոտավոր 1200-ը արտահանել ենք»,- ասաց նա:

Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ հիմա նախարարությունն աշխատում է մի քանի ծրագրերի վրա: Նա մասնավորեցրեց պարարտանյութերի, դիզելային վառելիքի ծրագիրը. «Մենք առաջին անգամ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր ենք բերել: Շատ կարևոր էր. Անկախությունից ի վեր մեր հողերը չէին պարարտացվել»,-ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` այս տարի առատ էր նաև դեղձը. « Իմ կանխատեսումներով՝ կարտահանենք երեք հազար տոննայից ավել դեղձ»:

Նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին և ասաց, որ մեզ համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, որ մենք մեծացնենք բերքի արտահանումը Ռուսաստան:

Նրա պնդմամբ` Ռուսաստանի շուկան մեզ համար նորություն չէ, մշտապես էլ արտահանել ենք Ռուսաստան և փորձելու ենք կրկնապատկել արտահանման ծավալները. «Հատկապես ՄՄ և ԵՏՄ մեր անդամագրումից հետո ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվելու, և այս սահմանափակումները նպաստեցին, որ այս ուղղությամբ ավելի մեծ աշխատանքներ տանենք: Մի օրվա խնդիր չէ, երկարատև աշխատանք է պահանջում, բայց կրկնապատկելու ենք, մենք դրա հնարավորությունն ունենք»:

Միևնույն ժամանակ նախարարն ասաց, որ Հայաստանը չի կարող լրացնել այն բոլոր ապրանքների արտահանումը, որոնք այլևս Ռուսաստան արտահանել արգելված է:

Կարապետյանի կանխատեսումներով` այս տարի Հայաստանից քսան հազար տոննա խաղող կարտահանվի:

 

Նույն շարքից