Գլխավոր Տնտեսություն 

Սպասվում է մրցակցության թեժացում նույնիսկ ռուսական ընկերությունների միջև, դեպի ՀՀ գլխավոր օդային հանգույց` «Զվարթնոց» օդանավակայան. Ճաղարյան

analitik.am

ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՎԻԱՑԻԱՅՈւՄ

Ռուսաստանի ավիափոխադրումներում տիրող իրավիճակը մեզ թելադրում է, թե ինչպիսի քաղաքականություն կվարեն այդ երկրի ավիաընկերությունները Covid-19 համավարակից հետո:

Նրանք արդեն սկսել են դադարեցնել երկար, հետևաբար օդանավերի նստատեղերի թերբեռնվածության պատճառով ավելի ռիսկային թռիչքներից:

Իսկ դա փաստում է նրա մասին, որ ռուսական ընկերությունները շեշտը դնելու են մոտ տարածությունների թռիչքների վրա:

ՌԴ Հեռավոր Արևելքից, սովորաբար մեծ պահանջարկ ունեցող դեպի ծովափնյա քաղաքներ ուղղությունների վրա նստատեղերի 70 %-ից ցածր զբաղվածության պայմաններում նրանք թռիչքները սկսել են կազմակերպել Մոսկվայով: Այսինքն Հեռավոր Արևելքից կամ ՌԴ Հյուսիսային մարզերից Մոսկվայով համակցված թռիչքների դեպքում մի կերպ զբաղեցնում են և մինչև Մոսկվա, և Մոսկվայից դեպի հարավ ուղղությունները:

Պարզ ասած` էն, որ, օրինակ` Խաբարովսկ-Սոչի 300 տեղանոց օդանավի 210 տեղը չեն կարողանում վաճառել գոնե զրո կանգնեու համար, էդ թռիչքը հանում են, ու տեղը դնում 200 տեղանոց օդանավ Խաբարովսկ-Մոսկվա-Սոչի տարանցիկ թռիչք, որի 180 տեղն էլ որ վաճառեն, շահույթով են դուրս գալիս: Իհարկե, ուղևորի հաշվին:

Բայց դա նույնպես բավարար չէ «ծանրակշիռ»` բազմաթիվ օդանավեր ունեցող ավիաընկերությունների բոլոր օդանավերի և անձնակազմների բավարար զբաղվածություն ապահովելու համար:

Հետևաբար նրանք ավելի ագրեսիվ քաղաքականություն կորդեգրեն, հատկապես կարճ` մինչև 3-3,5 ժամանոց ուղղությունների վրա:

Այդ ուղղությունների շուրջ պայքարը կսաստկանա նաև այդպիսի հեռավորությունների համար նախատեսված, ավելի փոքր` մինչև 200-210 տեղանոց օդանավերով, որոնց ավելի հեշտ կլինի լցնել ուղևորների մինիմալ եկամտաբերության քանակով:

Եվ Երևանն այդպիսի ուղղություններից մեկն է:

Այսինքն` սպասվում է մրցկցության թեժացում նույնիսկ ռուսական ընկերությունների միջև, դեպի ՀՀ գլխավոր օդային հանգույց` «Զվարթնոց» օդանավակայան:

Ինչը ավելի կբարդացնի դեպի ՌԴ կանոնավոր թռիչքներ կատարող հայկական միակ ավիաընկերության` «Արմենայի» դրությունը:

Ռուսական կողմն անպայման կշահարկի մեր ապիկար ավիացիոն իշխանությունների EASA սև ցուցակում հայտնվելու փաստը:

Ինչպես, օրնակ, Իսրայելը: Որը վերոնշյալ «Արմենիա» ավիաընկերությանը նույն պատճառաբանությամբ մերժել է դեպի Թել-Ավիվ թռիչքների թույլտվություն տրամադրելուց:

ԱԺ-ում Փոխվարչապետ Ավինյանի հեգնանքը դեռ այն ժամանակ ես անվանեցի ոչ մասնագիտական ցինիկություն` թե բա ի՞նչ ունեյինք, որ մի հատ էլ զրկվենք, մի հատ Լիոնի թռիչք էր, էլի:

Հիմա ավելացավ Թել-Ավիվը: Ինչպես նաև դեպի Բեյրութ թռիչքներ կատարելիս են մեր օդանավերը մոտ 10 րոպեյով հատում ԵՄ օդային տարածքը: Ինչի իրավունքից նրանք նույնպես զրկվեցին ՔԱԿ ապիկարության պատճառով:

Հաջորդիվ սպասվում է նաև Թուրքիայի ավիացիոն իշխանությունների կողմից կիրառվելիք նմանօրինակ որոշումը` իրենց օդային տարածքը նույն, թռիչքային անվտանգության նկատառումներով, հայկական գրանցմամբ օդանավերի համար փակելը:

Հաջորդ վտանգը կայանում նրանում, որ ռուսական մեծ ավիաընկերությունները նույն` «սև ցուցակի» պատճառաբանությամբ կփորձեն Հայաստանում միջազգային նորմերով, երկնքի ազատության 5-րդ աստիճան ստանալով, Հայաստանից թռիչքներ կատարել դեպի երրորդ երկրներ:

Այսպիսով ՀՀ ավիաընկերություններն աքցանի մեջ են հայտնվել Հայաստանի ավիացիոն իշխանությունների անգործության և «հեղափոխական փոփոխությունների» իրագործման պատճառով:

Բայց չկա չարիք առանց բարիքի:

Աշխարհի բոլոր երկրները վերանայում են իրենց մտեցումները սեփական ավաընկերությունների, հետևաբար` երկրի շահերի պաշտպանության հարցերում:

Վերանայվում են նախորդիվ կնքված, ինչպես միջպետական, այնպես էլ ավիաընկերություններ հետ ունեցած պայմանագրերը:

Վերանայվում են նաև հարկերի և տուրքերի հանդեպ մոտեցումները: Սրանց մասին ես արդեն գրել եմ: Եվ օրերս նորից կտեղեկացնեմ արդեն ավելի թարմ տեղեկություններով:

Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ է վերանայել նախկինում կնքած իր բոլոր պայմանագրերը և պետությունների, և ավիաընկերությունների հետ: Սրբագրելով նրանք, բացառելով նախկինում թույլ տրված բոլոր բացթողումները, ազգային գերակա շահի ներդրմամբ:

Ես այս դրույթը առաջարկել եմ դեռևս որպես վարչապետի խորհրդական աշխատելուս առաջին օրվանից:
Իսկ սրանից հարմար առիթ չի եղել մինչ օրս, և էլ չի լինի մոտակա տարիներին:

Մնում է պետական գերակա շահի, անվտանգության և ինքնիշխանության հանդեպ մոտեցումները դիտարկել պետության կողմից ֆինանսավորվող լոուքոստ խաբեությունից մի փոքր ավելի երկարաժամկետ կտրվածով: Եվ ոչ երկրի ամբողջ ուղևորահոսքի 2-3% -ում 2-3% էժան տոմսերով կարճաժամկետ աչքակապության շրջանակներում:

Հակոբ Ճաղարյան

Նույն շարքից