Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախ մուտք գործելու համար քաղաքացիություն չունեցողներին այլևս անհրաժեշտ չէ Պարետի թույլտվությունը

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ:

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է Հրամանագրից բխող որոշումներ:
Որոշումներից մեկի համաձայն՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է:

Այսօրվանից մուտք գործելու համար Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը:

Թեստավորման պարտադիր պահանջից բացառություն է արվում մինչև 6 տարեկան երեխաների համար:

ՀՀ մեր համերկրացիները պետք է թեստավորվեն ՀՀ համապատասխան բուժհաստատություններում, քանի որ Արցախի միակ նման լաբորատորիայի կարողությունները խիստ սահմանափակ են:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիների մուտքի և ելքի պայմաններին, ապա դրանք փոփոխությունների չեն ենթարկվել և շարունակում են ուժի մեջ մնալ:

Այսինքն, հանրապետությունից ելք կատարելու համար ԱՀ քաղաքացիներից պահանջվում է Պարետի թույլտվությունը, իսկ մուտքի դեպքում՝ ՊՇՌ թեստի ոչ ավելի քան 72 ժամվա վաղեմության բացասական պատասխանը կամ անցակետում պարտադիր թեստավորման համար նմուշառումը:

Հիշեցնենք, որ ԱՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվում է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժե 7000 դրամ:

Պարետ Ժիրայր Միրզոյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ բաց տարածքներում անցկացվող ծննդյան, հարսանյաց, նշանդրեքի արարողությունները կարելի է կազմակերպել 100 հոգու ընդգրկմամբ՝ նախկին 60-ի փոխարեն:

Հիշեցնենք նաև, որ երեկ Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրում վերանայվել է փակ տարածքներում հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը: Այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նույն շարքից