Հայաստան Քաղաքականություն 

Գտեք ճիշտ ձևը՝ չափազանց վտանգավոր այս միտքը հերքելու. Կարեն Բեքարյանը՝ ԱՀ նախագահին

analitik.am

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Արցախի Հանրապետության նախագահին: Նա անդրադարձել է ավելի վաղ ԱՀ նախագահի խոսնակի գրառմանն առ այն, որ « Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը», և նշել, որ սա հարված է բոլորիս պարծանք՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը և նրա դավանած արժեքներին, արյան գնով ձեռք բերած ազատությանն ու համահայկական օրակարգի սրբագույն կետին: Գրառումը՝ ստորև.

«Արցախի մեծարգո նախագահ,

Գտեք ճիշտ ձևը և բառերը՝ չափազանց վտանգավոր այս միտքը հերքելու.

«Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»:

Եվ հերքելու՝ հնարավորինս արագ:

Սա Ձեր անձի հարցը չէ, Հայաստանի վարչապետի հարցը չէ, ճաշակների ու քաղաքական դիրքորոշումների հարց չէ:

Սա հարված է բոլորիս պարծանք՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը և նրա դավանած արժեքներին, արյան գնով ձեռք բերած ազատությանն ու համահայկական օրակարգի սրբագույն կետին:

Հ.Գ. Խնդրանք ընկերներիս, գործընկերներիս, բոլորին՝ չշտապենք, ես հավատում եմ, որ առողջ բանականությունը կհաղթի... և մենք կունենանք Արցախի նախագահի հերքումը»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախում «Հայրենիք» կուսակցության անդամների հանդիպումներին՝ գրել էր․

««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցն ու կայացած հանդիպումները որոշ լրատվամիջոցներ փորձում են բուռն քննարկման թեմա դարձնել, ինտրիգներ փնտրել կամ դատարկ բաժակում փոթորիկ բարձրացնել:

Ի պատասխան զլմ-ներում հրապարակումների և այդ առթիվ ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերի ու ֆեյսբուքյան նամակների՝ ընդգծում եմ, որ ՀՀ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները մեր քույրերն ու եղբայրներն են ու նրանցից յուրաքանչյուրը հավասարապես իրավունք ունի այցելելու մեր հայրենիքի արցախյան հատված, հանդիպելու իր հայրենակիցներին:

Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի հետ ունեցած հանդիպումներին, բացարձակ անընդունելի են ՀՀ ներքաղաքական համատեքստում դրանք մեկնաբանելու փորձերը: Պետք չէ մոռանալ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը և «Միասնական հայրենիք » կուսակցությունը Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասին ստացել են ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն և երկու քաղաքական ուժերն էլ հայտարարել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսին աջակցելու մասին: Իսկ Արցախը պետք է վեր կանգնած լինի ՀՀ ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտանգավոր հորձանուտի մեջ:

Հ. Գ. Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»։

Նույն շարքից