Կորոնավիրուս Վերլուծական Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս կորոնավիրուսի դեմ պայքարել «պռոսծինով»

analitik.am

 

Հունիսի 12-ին, երբ խորհրդարանում հերթական անգամ երկարաձգվում էր արտակարգ դրությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնի մոտից 6 անգամ կրկնեց այն, ինչ այդ օրերին լսում էինք ամենուր՝ հիշեցնելով Հայաստանում առկա համաճարակի ու դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

Հավանաբար հիշում եք:

Նույն այդ ելույթում Փաշինյանը 6 անգամ այդ թվում կրկնեց, թե պարտադիր չէ կրել գնված դիմակ, կարելի է օգտագործել նաև տանը պատրաստված դիմակներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կտորից դիմակները պակաս արդյունավետ են և դրանք պետք է կրել միայն այն դեպքում, եթե կան ֆինանսական խնդիրներ: Այդ մասին մի քանի անգամ խոսել են ինչպես առողջապահության ոլորտի պատասխանատու Արսեն Թորոսյանը, այնպես էլ երկրի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշյալ հայտարարություններից հետո թվում էր թե գոնե սեփական թիմում կհետևեն հորդորներին ու կկրեն բժշկական դիմակներ, ինչը սակայն տեղի չունեցավ:

Նույն Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը և այլոք շարունակեցին կրել կտորից դիմակներ՝ դե դրանք սիրուն են: Քանի որ դժվար է պատկերացնել, որ պատգամավորները, առավել ևս ԱԺ նախագահն ու փոխնախագահը ֆինանսական խնդիրներ ունեն, կարելի է արձանագրել, որ նրանց համար արտաքին տեսքն ու սեփական ճաշակն ավելի կարևոր են, քան՝ հանրային առողջությունն ու սեփական թիմի ղեկավարի հորդորը:

Անցան օրեր…

ԱԺ պատգամավորները սկսեցին աստիճանաբար հրաժարվել ԱԺ ամբիոնի մոտ դիմակ կրելուց, իսկ պարետատունն իր հերթին որոշում կայացրեց, որ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ դատավորը և մի շարք այլ անձինք կարող են միջոցառումների ժամանակ ելույթ ունենալիս դիմակ չկրել:

Այս խտրական վերաբերմունքը, որը կարող էր վրիպել շատերի աչքից, չվրիպեց նույն պատգամավորների ու նրանց աչքից, ովքեր ելույթ են ունենում ԱԺ ամբիոնի մոտ: ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանն անգամ մի քանի անգամ խոսեց այդ մասին՝ հղում անելով անհավասար պայմաններին:

Օրեր առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցողները պետք է դիմակ կրեն, հակառակ դեպքում տուգանվելու են: Դա նույն օրն էր, երբ տեղի ունեցավ կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում նույն բառերը կրկնեց նաև վարչապետ Փաշինյանը:

Ձևացնենք, իբր հավատում ենք, որ նրանք այդ մասին չեն խոսել ու հենց Փաշինյանը Միրզոյանին չի ասել, որ պետք է տուգանել «երես ցույց տվող» պատգամավորներին:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց, երբ պատգամավորներից մեկը խոսեց այն մասին, որ մարդիկ չեն կարողանում դիմակ գնել, այդքան փող չունեն․ «Ասում են, որ դիմակը թանկ է, մենք էլ ասում ենք՝ շատ լավ, տանը կտոր, սավան ունե՞ք, որևէ ուրիշ կտոր ունե՞ք, դիմակ կարեք կրեք»,-ասաց Փաշինյանը:

Փաստորեն ստացվում է, որ կորոնավիրուսի դեմ կարող ենք պայքարել նաև սավանով: Օրինակ կարող եք գնալ տուն, վերցնել «պռոսծին», կտրել ու դիմակ պատրաստել: Ուղղակի, հավանաբար, լավ կլինի, եթե այն նորը լինի:

Եվ վերջում հիշենք իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանի խորհուրդը․ «Պարետատունը թույլ է տալիս դիմակի փոխարեն կրել ցանկացած պարագա, որը կծածկի քիթը և բերանը: Մենք այս դիմակով կանխարգելում ենք վիրուսի տարածումը»:

Պարետատունն արդեն չկա, բայց այդ օրերից քիչ բան է փոխվել:

Մնացականյան Արթուր

 

Նույն շարքից