Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Ինչպե՞ս կարող է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը Մերձավոր Արևելքում խոշոր կոնֆլիկտի վերածվել․ Շերին Թ․ Հանթերի վերլուծականը

analitik.am

Միջագային Middle East Eye լրատվական կայքի էջերում Ջորջթաունի համալսարանի Մահմեդա-քրիստոնեական փոխըմբռնման կենտրոնի գործընկեր Շերին Թ․ Հանթերն անդրադարձել է  Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը։

Ըստ վերլուծաբան Շ․ Թ․ Հանթերի՝ Հայաստան-Ադրբեջան ռազմական այս հակամարտությունը տարբերվում է նախկիններից, քանի որ այս անգամ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին․ նախագահ Էրդողանը վճռականորեն պաշտպանում է Բաքվին, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ, խնդրելու դեպքում, Անկարան Բաքվին ռազմական օգնություն կտրամադրի։

Հանթերը նշում է, որ Թուրքիայի՝ այս ռազմական գործողություններում անմիջական մասնակցությունն վերջնական ապացուցվելու դեպքում (ինչի մասին հայկական կողմն արդեն փաստարկներ ներկայացրել է), Ռուսաստանը ստիպված կլինի ուղիղ կերպով միջամտել կոնֆլիկտին։ Դա իր հերթին բարդություններ կստեղծի և կստիպի Արևմուտքին ևս անմասն չմնալ մասնակցությունից։ Մյուս կողմից՝ Թուրքիայի ուղիղ մասնակցությունը Արևմուտքին ևս  բարդ երկընտրանքի առջև կկանգնեցնի և կբարձրացնի առանց այն էլ գոյություն ունեցող լարվածությունը։

Վերլուծաբանը հատուկ  ուշադրություն է դարձնում այս ամենում Իրանի խոցելի կարգավիճակին, որը բարեկամական հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ։

Ըստ Հանթերի՝ 1940-ականներից սկսած Սովետական Միությունն ակտիվ քարոզում էր՝ իբր իմպերիալիստական Իրանը պառակտել և կիսել է Ադրբեջանը՝ հուսալով, որ իր կողմը կգրավի Իրանի տարածքում բնակվող ադրբեջանցիներին, իսկ Սովետական Միության փլուզումից հետո անկախ Ադրբեջանը որդեգրել է այս միֆը։

Դեռ 1990-ականների սկզբից Թուրքիան և Իրանը մրցակցում են տարածաշրջանում ազդեցության համար, իսկ այս ընթացքում Իսրայելը սերտ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ՝ Իրանի հետ կապված հեռահար նպատակներ ունենալով։

Այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ն և Եվրոպան մեծ դեր են խաղացել Թուրքիայի հզորացման գործում, որն էլ իր հերթին սերտ հարաբերություններ է հաստատել Բաքվի հետ։

Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան ռազմական ներկայացվածություն ունի Նախիջևանում, որն էլ իր հերթին Իրանի ադրբեջանական պրովինցիայի կենտրոն Թավրիզից ընդամենը 140 կմ հեռավորության վրա է, ապա եթե այս կոնֆլիկտը վերաճի տարածաշրջանային հակամարտության, թուրք-իրանական բախումը վերահսկողությունից դուրս կգա։

Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում Իրանի համար, որտեղ բավական մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում։ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշվելու դեպքում Իրանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։

Ըստ Հանթերի՝ այս պահին Իրանի համար լավագույն տարբերակը հնարավորինս երկար ժամանակ չեզոքություն պահպանելն է։

Եվ վերջում վերլուծաբանը հռետորական հարցեր է հղում․

«Ընդլայնված հակամարտությունը քաղաքական մարտահրավերներ է նետելու միջազգային խոշոր դերակատարներին․ինչպե՞ս կվարվի Արևմուտքը, եթե Ռուսաստանը ռազմական օգնություն տրամադրի Հայաստանին: Կարո՞ղ է արդյոք հակամարտությունը հանգեցնել թուրք-ռուսական պատերազմի: Ինչպե՞ս կազդի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ հարաբերությունների վրա Թուրքիայի՝ այս հակամարտությունում ակտիվ ռազմական մասնակցությունը: Ի՞նչ կլինի, եթե Իրանը խառնվի դրան: Արդյո՞ք դա կարդարացնի ԱՄՆ-ի՝ Իրանին ռազմական հարված հասցնելը»։

Թարգմանությունը՝ Հ․ Գրիգորյան

 

Նույն շարքից