Իրավական 

Արա Սաղաթելյանին ձերբակալելու համար որեւէ հիմք չի նշվել. պաշտպանը ձերբակալման որոշման դեմ բողոք կներկայացնի

analitik.am

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։

Պաշտպան Հակոբ Ենոքյանը Փաստինֆոյի հետ զրույցում ասաց, որ ձերբակալման հիմքը և նպատակն իրավաչափ չեն։

«Նախ՝ այն արարքը, որը հանդիսանում է կասկածի էությունը, այսինքն՝ այն, ինչում կասկածում են, որևէ հիմնավորում չունի, որևէ փաստ այդ կապակցությամբ չի ներկայացվել։ Ենթադրաբար՝ զեկուցագիր պետք է լինի մի ոստիկանի, որն ինչ-որ տեղից բերման է ենթարկել։ Ենթադրում եմ, նման տվյալ չեն տվել, բայց ձերբակալման համար ավելի ծանրակշիռ փաստեր են պետք»,- ասաց պաշտպանը։

Բացի դա՝ հոդվածը չի նախատեսում պատիժ՝ ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, ինչը ենթադրում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն չի կարող ներկայացվել, հետևաբար՝ ձերբակալումն ինքնանպատակ է դառնում։

«Ըստ էության՝ 72 ժամ անձին արգելանքի տակ պահելու, մեկուսացնելու նպատակ է հետապնդում, ինչն իրավաչափ համարվել չի կարող»,- ասաց ենոքյանը։

Նշենք, որ սույն հոդվածով ձերբակալված գրեթե բոլոր անձանց ձերբակալությունը դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել՝ ազատ արձակելով նրանց։ Նման դեպք կա նաև փաստաբան Ենոքյանի վարույթում։ Նա, մանրամասներ չհայտնելով, նշեց, որ նույն հոդվածով ձերբակալված անձին ազատ են արձակել՝ դատարանի որոշմամբ։ Նա հայտնեց, որ հենց այսօր բողոք կներկայացնի ձերբակալման որոշման դեմ։

Նշենք, որ Արա Սաղաթելյանը ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, քննչական գործողություններն իրականացվել են Երևան քաղաքի վարչության քննիչների մասնակցությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բազմամարդ ակցիաներ են իրականացվում՝ կապիտուլյացիայի և Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարություն ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Կան հարուցված քրեական գործեր և՛ ՀՔԾ-ում, որի շրջանակներում մեղադրանք են առաջադրվել մի շարք քաղաքական գործիչների՝ Արթուր Վանեցյանին, Իշխան Սաղաթելյանին, Արսեն Բաբայանին, Գեղամ Մանուկյանին և մի շարք այլ գործիչների, և արդեն ՔԿ-ում ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն շարքից