Բարի օր Քաղաքականություն 

Հասկանում եք, չէ՞, ստորագրել ենք, կանգնել ենք մի կողմ․ Լարիսա Ալավերդյանը՝ գերիներին հետ բերելու հարցի շուրջ

analitik.am

 

Analitik.am-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կատարվածի, գերիների փոխանակման և նրանց իրավունքների պաշտպանության թեմաների շուրջ զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Ըստ իրավապաշտպանի, Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չի ունեցել ստորագրել նման փաստաթուղթ Արցախի վերաբերյալ․ «Կառավարությունը, կամ պետք է ասենք Նիկոլ Փաշինյանը, չի արել ամենակարևորը՝ ստորագրության պահին նա չի հիշել այն մասին, որ դեռ թեժ մարտեր են ընթանում և այդ ջոկատները հայտնվել են այնպիսի վայրերում, որոնք փաստացի կարող էին ընկնել շրջափակման մեջ կամ այդ տարածքները հանձնելու պահին ևս նրանք կվտանգվեն։

Ինչո՞ւ որևէ մեկը հարց չի տալիս ինչ անորոշ թիվ է, ինչո՞ւ չեն ասում որևէ թիվ, որովհետև անորոշությունը գալիս է այդտեղից։

Ապշելու բան է, անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ստալինգրադյան ճակատամարտի ավարտից հետո, թույլ են տվել դուրս գալ այն մարդկանց, այն թշնամիներին, որոնք մնացել են շրջափակման մեջ։ Իսկ այստեղ ոչինչ չի արվել յուր ժողովրդի համար։

Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ ստորագրել որևէ փաստաթուղթ Արցախի վերաբերյալ։ Նա դա արել է՝ հիմնվելով մի քաղաքական նյութի վրա, այն է Մինսկի խմբի որոշ կետերի»։

Ըստ իրավապաշտպանի, նոյեմբերի 10-ին պետք է որոշ կետեր բացվեին առանձին փաստաթղթերով, նույն ձևի ստորագրված։ Մասնավորապես, եթե Փաշինյանը ստորագրել է տարածքները հանձնելու մասին փաստաթուղթը և օրացույց է գրել, թե երբ են տարածքները հանձնվելու, ապա ո՞ւր է օրացույցը գերիների կամ զոհվածների մարմինների վերադարձի մասին։

«Շատ մեծ գիտելիք կամ փորձ ունենալ պետք չէ տեսնելու համար, որ կատարվածը մարդկանց կյանքերի վնաս հասցնելու փորձ է»-նշեց Ալավերդյանը։

«Այն որ Ադրբեջանը կարող էր խոչընդոտել և խոչընդոտում է, ինչպես տեսնում ենք, այն որ Ռուսաստանի խաղաղապահները կարող են չհասնել այդ վայրերը, որտեղ հայտնվել են հայկական ջոկատները, կամ հայերի մարմինները, դա հայտնի էր ի սկզբանե։

Ռուսաստանը որպես ստորագրող կողմ է և ինչ-ինչ պարտավորություններ ու պարտականություններ ունի, բայց կարող է և միայնակ չկարողանալ համապատասխան ճնշումը կիրառել Ադրբեջանի վրա։

Անմիջապես պետք էր աշխատել դիվանագիտական շատ պետությունների հետ՝ մասնավորապես այնպիսի պետությունների հետ, որոնք դրական հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, կամ հակառակը՝ նրանց, ովքեր կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Մինչ այսօր չկա որևէ ուղիղ կապ Ադրբեջանի հետ։ Հայաստանը և Ադրբեջանը ուղիղ չեն շփվում իրար հետ։ Եվ վերջապես, ի՞նչ-որ մեկը գիտի, թե ով է աշխատում այս եռակողմ հայտարարության շուրջ պարտականությունների իրականացման վրա։

Որևէ մեկը գիտի, թե ով է զբաղվում դրանով, ոչ՝ այսինքն չկա պատասխանատու անձ։ Հիմա էլ ուշ չէ։ Արդեն անցել է 22 օր ստորագրելուց հետո, բայց մենք չենք տեսնում, որ որևէ գործողություններ իշխանության կողմից, կառավարության կողմից իրականացվեն»,- նշեց Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է այն կարևոր հարցին, թե ինչպես պետք է հայ գերիներին զերծ պահել խոշտանգումներից, Ալավերդյանն ասաց, որ այս հարցում նա հույսը դրել է Միջազգային Կարմիր Խաչի Կազմակերպության վրա՝ չնայած, որ պարզ չէ ՄԿԽԿ գործունեության մեջ հայ մասնագետները մասնակցություն ունենո՞ւմ են, թե՝ ոչ․ «Հասկանում եք չէ՞, ստորագրել ենք, կանգնել ենք մի կողմ»։

Ալավերդյանն անդրադարձավ նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակի հայտարարություններից մեկին, որը վերաբերում էր կառավարության անտարբերությանը գերիների հարցին․ «Ես համոզված եմ, որ շարունակվում է նույն քայքայիչ գործունեությունը՝ հասարակության մեջ քաոս, դժգոհություն տարածելու և այս ամենն առաջացնում է ապատիա։

Մենք ուսումնասիրել ենք այդպիսի իրավիճակները և, փաստորեն, հիմա վարչապետի այդպիսի գործողությունների շարունակելիությունը, ֆրակցիայի բոլոր պատգամավորներին դարձնում է այդ նույն հատկանիշներով հանցագործության մասնակիցներ, կամ առնվազն ջատագովներ։

Եթե իրենք չեն հասկանում, իսկ իրենց մեջ կան իրավաբաններ։ Երբ իրենք տեսնում են՝ ինչ արդյունք է ունեցել, փոխարենն ընդունեն իրենց պատասխանատվությունը և մեղքը, շարունակում են այդ մեղքը, հույսով, որ կարող են ճնշել և դառնալ միապետություն։ Բայց դա տեղի չի ունենալու։

Այս առումով ես ամբողջովին միանում եմ Արման Թաթոյանի հայտարարությանը, և ոչ միայն այդ մասով, այլ բոլոր գործողություններով, որոնք ինքը հայտարարել է։

Ես ուզում են նշել, որ իրապես, միակ կայացած հաստատությունը Հայաստանում ՄԻՊ-ն է»։

Մառա Գալոյան

 

Նույն շարքից