Հասարակություն 

Սոթքի հանքը լիարժեք չի աշխատում, աշխատակիցները սպասում են

 

Սոթքի հանքավայրը լիարժեք չի աշխատում, այլ՝ մասնակի։ Այս պահին այնտեղ տեղափոխություններ են արվում։ Լարվածության ավելացում կամ ինչ-որ փոփոխություն չկա։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Աշխատակիցներից կանչում են, բայց քչերին, երեւի որոշ աշխատանքներ կան, անում են, բայց հանքն ամբողջությամբ չի աշխատում։ Տեղափոխում են տեխնիկան, մեքենաները, որոնք գտնվում են այժմ թշնամու վերահսկողության ներքո, պայմանավորվել են, ու  հիմա էլ տեղափոխում են, որպեսզի անվտանգ անցկացնեն,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ըստ համայնքի ղեկավարի՝ սահմանները դեռ հստակ գծված չեն, եւ թշնամին հանքի՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքում հատուկ աշխատանքներ չի տանում։

«Սահմանները հստակ գծելու, դիրքավորվելու գործողությունները ընթացքում են, դա երկար պրոցես է, որ կգնա։ Ուղղակի հիմա ժամանակավոր էսպես ասեմ՝ ոնց որ մեշոկներ, քարեր շարեն ու կանգնեն ամեն մեկն իր տարածքում, մինչեւ դա հստակեցվի»,- նշեց նա։

Թե հանքը քանի աշխատակից ունի՞ եւ հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները վարձատրվելո՞ւ են, համայնքի ղեկավարն ասաց, որ  նման ինֆորմացիայի չի տիրապետում, միայն նշում է, որ աշխատակիցները սպասում են։

«Մի քանի օր է՝ ինչ էս գործընթացները եղել են, մարդիկ սպասողական վիճակում են, կարող է՝ մի քանի օրից բոլորին կանչում են աշխատանքի եւ ամեն ինչ իր բնականոն հունով գնա, իսկ եթե աշխատանքները կդադարեցվեն, նոր էդ դեպքում գործատուի եւ իր աշխատակիցների միջեւ քննարկում կլինի, որոշումներ կկայացվեն»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ինչ վերաբերում է գյուղում տիրող մթնոլորտին, ապա համայնքի ղեկավարն ասաց, որ խոսակցությունները մի քիչ պակասել են, բայց ո՛չ վտանգն է թուլանում, ո՛չ էլ մարդկանց մտավախությունը։

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից