Տեսանյութեր Քաղաքականություն 

Հնարավոր էր ավելի շուտ կանգնեցնել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

 

Երրորդ ամենակոպիտ սխալն այն էր, որ երրորդ օրը դադարեցվել է համալրումը կանոնավոր բանակին՝ անցում կատարելով ջոկատայինի, խայտառակություն էր դա: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.

«Ես Արցախում էի և տեսնում էի, որ մի բան այն չի, հետո պարզվեց, որ հատուկ վարչապետի որոշում կար դրա համար: Մենք 1992-1994 պատերազմը կրել ենք հենց այն պատճառով, որ ջոկատայինից անցել ենք կանոնավոր բանակին»:

Քոչարյանը նշեց, որ պատերազմի 3-րդ օրվանից էլ պարզ էր, որ այս պատերազմը պետք է օր առաջ կանգնեցվի: Երկրորդ նախագահը նաև նշեց, որ չի օգտագործվել ամբողջ ներուժը՝ նշելով, որ ուզեցել է հանդիպել նաև Արայիկ Հարությունյանի հետ, որպեսզի նրան խորհուրդ տա, թե ինչպես պետք էր կանգնեցնել պատերազմը. «Սա կոնկրետ գործողություններ անելու ժամանակ էր , ոչ թե աքլորանալու»:

Քոչարյանը նշեց, որ վարչապետը պարտավոր էր կանգնեցնել պատերազմը հենց այն պահին, երբ ԳՇ պետից ստացել է զեկույցն՝ ընդգծելով, որ այդ ժամանակ պետք էր Լավրովի պլանին ենթարկվել և համաձայնել:

Այն հարցին,թե արդյոք հնարավոր էր ավելի շուտ կանգնեցնել, Քոչարյանն ասաց, որ միանգամայն հնարավոր էր. «Ինչո՞ւ չես կանգնեցնել 4-րդ օրը, երբ զինվորականներն ասում էին, որ անխուսափելիորեն պարտվում ենք»:

Քոչարյանը խոսեց նաև ստերի մասին. «Առաջին օրվանից մենք հաղթում էինք, եթե մի օր հետ էինք գնացել, ուրեմն տակտիկական նահանջ է և այլն, այդ սուտը բանակը չէր տարածում, այդ սուտն Արծրունն էր տարածում, ես գիտեմ, թե որտեղ էր գրվում այդ սուտը՝ ՊՈԱԿ-ում: Հիմա պատկերացրեք, որ եթե ժողովուրդն իմանար, թե ինչ է կատարվում, իմանար զոհերի իրական քանակը, իրական վիճակը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր, որ ճիշտ որոշում կայացրեց ճիշտ պահին, բայց երբ ասում են, որ մենք հաղթում ենք, ու մեկ էլ այդ հաղթականության մեջ դու կապիտուլյացիա ես ստորագրում, բնական է, ասում են, որ դու դավաճան ես: Դա այդպես է ստացվել,քանի որ ինքը գերի է դարձել իր ստերին: Մարդիկ եթե իմանային ճշմարտությունը, կասեին՝ դժվար քայլ է, բայց ճիշտ արեց»:

Նույն շարքից