Քաղաքականություն 

Փաշինյանին պարզ ասում են՝ «դու քո ժողովրդին ուրիշ հարցերով ինչքան ուզում ես խաբիր, բայց չփորձես քո արած ղալաթները մեզ վրա սաղացնել»

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն ըստ էության Նիկոլ Փաշինյանին մեղադրել է կամ ստախոսության, կամ անտեղյակության մեջ։ Սա դիվանագիտական նոնսենս է, սովորաբար այդպես չեն վարվում, առավել ևս՝ պետությունների ղեկավարների նկատմամբ։ Եվ եթե Ռուսաստանն այդպիսի քայլի է դիմել՝ նշանակում է այնտեղ լուրջ չեն ընդունում Փաշինյանին, բայց շատ լուրջ ու վտանգավոր են համարում նրա՝ ամեն ինչի համար մեղքը Ռուսաստանի վրա բարդելու խղճուկ ջանքերը։ Նրան պարզ ասում են՝ «դու քո ժողովրդին ուրիշ հարցերով ինչքան ուզում ես խաբիր, բայց չփորձես քո արած ղալաթները մեզ վրա սաղացնել»։

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի այդ արձագանքը չէր հաշվարկե՞լ։ Թե՞ մտածել էր՝ «տո լավ, հոդված ա՝ գրում եմ, էն էլ՝ հայերեն, Ռուսաստանում ո՞վ պիտի կարդա, եթե կարդան էլ՝ երևի կալարեն արձագանքել, եթե արձագանքեն էլ՝ ֆեյքերով վրա կտանք, Պոպովին պիցցայակեր կհանենք, հարցը կփակվի-կգնա»։

Այ դրա համար էինք ասում՝ մարդ պիտի հոդված գրի միայն այնպիսի թեմաներով, որոնցից հասկանում է։ Ճիշտ է, իրեն թվում է, թե ինքն ամեն ինչից է հասկանում (ինքն էր, չէ՞, համարյա բառացիորեն հայտարարել, թե Հայաստանի ամենախելոք քաղաքական գործիչն է, որովհետև ուրիշները չկարողացան իշխանափոխություն անել, իսկ ինքը կարողացավ), բայց փորձը ցույց է տալիս, որ սեփական ինտելեկտի վերաբերյալ ունեցած բարձր կարծիքը, որպես կանոն, միայն քմծիծաղ է առաջացնում, իսկ երբեմն՝ նաև աղետալի հետևանքներ է ունենում։

Չնայած՝ մարդը նախապես զգուշացրել էր։ Պատերազմից օրեր առաջ մի մեծ հոդված էր գրել սխալվելու վճռականության մասին ու օրեր անց այդպես էլ վարվեց՝ վճռականորեն երկիրը տարավ կործանման։ Փաստորեն էքսպերիմենտ էր անում։ Հայտնի անեկդոտը հիշո՞ւմ եք։ Աղջիկը մորն ասում է «մամ, ես երբեք չեմ ամուսնանա այնպիսի մարդու հետ, որը գիշերները խռռացնում է», մայրն էլ պատասխանում է՝ «ճիշտ էլ կանես, աղջիկս, միայն թե փորձարկումների ժամանակ զգույշ կլինես»։

Նիկոլի փորձարկումները ձախողվեցին։ Տուժեցինք բոլորս։ Ու շարունակելու ենք տուժել, որովհետև փորձարկումները շարունակվում են։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյան

Նույն շարքից