Հասարակություն 

Չեմ ցանկանա միայն հանճարների շիրիմներ փնտրող վարչապետ ունենալ. 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի՝ 2018թ-ի հոկտեմբերի 15-ի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Բաց նամակ

Երկնակամարի ամենագեղեցկափայլ աստղերն անգամ ժամանակի ընթացքում ընկնում են: Ընկնում են ոչ անփառունակ լինելու պատճառով, պարոն վարչապետ, այլ հանուն նոր ծունդների...

Գիտնականները գեղեցիկ են հիմնավորում նրանց ծնունդն ու մահը: Ասում են` երբ գազի և փոշու ամպի թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, ապա առաջացած ձգողության ուժն արդեն արագացնում է այդ շարժընթացը ու այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում է, դառնում ավելի տաք, և նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը՝ ջրածնի ատոմներին միավորող: Իսկ հենց այդ սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը...

Ցավոք մի օր էլ նրանց միջուկում եղած ջրածնային պաշարը պիտի սպառվի և աստղի չափերը փոխվելով` այն աստիճանաբար կմահանա...

Հիմա Ձեզ է վստահված հայոց երկնակամարը: Դուք այն ամենագեղեցիկ աստղն եք, որին ես սիրով եմ նայում, առանց ատելության թույնի։ Կուզեի գեղեցկությունից ավելի հզոր լիներ Ձեր անկեղծությունը, սերը առ հայրենիք...

Պիտի նշեմ ցավոք, որ Ձեզ հետ երկնակամարի պատասխանատվությունը ստանձնած որոշ աստղեր սկսել են կորցնել իրենց դիմագիծը, սերը և աստղին վայել հոգեթափանց այն բարի լույսը: Նրանց հատվածային դատողությունը իրենց անձերին դարձնում է մեծամտության զոհը: Մերկապարանոց հայտարարությունները իմը չեն: Ես նկատի ունեմ առողջապահության նախարար կոչվածին և Լիլիթ Մակունց անվամբ այն անհոգ ժպտերես նախարարին, որոնց տեղը ճիշտ ընտրված չէ...

Առողջապահության նախարարի վերաբերյալ փորձեմ հիմնավորել մտքերս։

Անապահով պայմաններում ապրող, հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող հարևանիս վնասված ոտքի համար ամիսներ առաջ իր հարազատ հաշմանդամ եղբայրն էր նամակով դիմել նախարարին օգնության խնդրանքով: Նախարարն անմարդկային կերպով անտեսեց դիմումը: Անգամ պատասխան նամակ կամ մեկ զանգ չհնչեց նրա հրահանգով: Նամակ գրող հարևանս նշել էր ՀՀ զինված ուժերում իր նվիրված ծառայության մասին, նաև իր հաշմանդամության պատճառը: Պատճառն ինֆարկտն էր, որ հենց երկրի սահմանին ծառայություն մատուցելիս եղավ, որի ծախսերը ամբողջությամբ նախկին նախարար Օհանյանը հոգաց: Այս մարդն անտեսեց այն ժամանակ, երբ նույն այդ նամակում նշվել էր Ձեր հրապարակային խոսքը, որ ոչ մի մարդ չպիտի կանգնի հիվանդանոցի դռնից այն կողմ...

Այդ նույն խնդրանքով դիմեց նաև Էջմիածնի քաղաքապետարան, և քաղաքապետարանը, ուսումնասիրելով խնդիրը, հոգաց հիվանդանոցի ծախսի մի մասը, ապրեն իրենք...

Հիմա անմարդաբնակ, մեռած մոլեկուլներով ողողված գոյությանը թողնենք հանգիստ և անհոգ տիկնոջը հիշենք:

Ուզենք թե չուզենք, բայց գրականությունն է արվեստի բարձրակետը, որը հանգիստ կարող է դառնալ երգ կամ թատրոնում կյանք ունենալ, հրաշալի ֆիլմի առիթ հանդիսանալ։ Տիկին Մակունցը երերաց այն ժամանակ, երբ նախարարության ֆեսբուքյան պաշտոնական էջից հայտարարվեց երևանյան գրքի փառատոնի փաստացի չեղարկման մասին: Մտավորականների արդարացի արձագանքները չուշացան: Անհոգ հայուհին որոշեց, որ հանուն որոշ գումարների խնայողության չարժե գրքի տոնը փչացնել և հայտարարվեց կրկին երևանյան գրքի փառատոնի անցկացման մասին լուրը:

Մարզային գրադարանների վիճակը իսկապես ծանր է: Նրանք շատ հետ են մնում երևանյան գրական իրադարձություններից: Հրաշալի գրքեր են տպագրվում, բայց մարզային գրադարաններին դրանք փաստացի չեն հասնում և մեր մարզային ընթերցասեր հասարակությունը իսկապես կորցնում է այստեղ շատ բան: Նախարարության ոչ ճիշտ քաղաքականության հիմքում է ծնվում այս անմխիթար վիճակը: Գումարը ճիշտ տնօրինելու և ծախսելու խնդիր կա այստեղ։

Հիմա որոշ մեծամտացած անփայլ աստղերին հասնենք. Գերատեսչություններն էլ չեն ասում «կկապվենք Ձեզ հետ» հայտնի արտահայտությունը: Հիմա` մի սպառիչ պատասխանով փակում են աշխատանք փնտրող մարդկանց առաջ հույսի դռները: Այդ հայտնի սպառիչ պատասխաններից է` «Հետևեք մեր կայքին: Երբ կհայտարարվի մրցույթ, կարող եք մասնակցել»:

Տարբեր փաստեր ունեմ, թե ինչպես են օրինականություն տենչացող Ձեր գերատեսչություններում Ձեզ հետ քայլարշավի մասնակցած մարդկանց մերձավորներին, հարազատներին, ծանոթներին սիրով աշխատանք տրամադրում։ Ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ասաց, որ այս հեղափոխությունը ՔՊ-ինը չէր, Նիկոլ Փաշինյանինը չէր, այլ ողջ հայ ժողովրդինն էր: Եթե դուք որոշել եք տարբերել Ձեր թիմակիցներին ու հայրենակիցներին միմյանցից, ուրեմն կփշրվի Ձեր աստղը հենց հայոց երկնակամարի վրա, բոլորիս աչքի առաջ: Եթե իմ և իմ հայրենակիցների համար այսօր արդեն գործում է այդ օրենք ասվածը, ապա այն պիտի գործի նաև Ձեր թիմակիցների համար նույնպես:

Թումանյանի շիրիմին երբ տեսա Ձեզ ծնրադրած, մտածեցի` փրկության ճանապարհին ենք: Նոր խոսք ասող հեղինակներ հիմա էլ ունենք, բայց նրանց նկատել է պետք, պարոն վարչապետ: Չեմ ցանկանա միայն հանճարների շիրիմներ փնտրող վարչապետ ունենալ: Ուզում եմ շնորհալիներին գնահատող, հարգող վարչապետ ունենալ։

Դուք, Ձեր թիմակիցները ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդադար սեր եք խոստովանում հայ ժողովրդին և քաղցր մտքեր նվիրում նրանց: Սակայն, պարոն վարչապետ, տղամարդն այդքան սիրուց չի խոսի, հենց սերը փրկելու, այն չարժեզրկելու նպատակով: Հարկի և անհարկի ՍԵՐ բառը շահարկողների շրջանում իրական սերը մեկ օր էլ չի ապրի...

Իմ բոլոր-բոլոր ներկա և անցյալ սիրային արկածների հերոսուհիների համար անգամ այդ բառը չեմ օգտագործել Ձեր չափ: Անգամ ծնողներիս այդ բառը անսահման մեծ դժվարությամբ եմ ասել, որովհետև բառի արմատները շատ խորն են իմ մեջ:

Մեկն էլ կար: Ասում էիք` ամենաչգնահատված քաղաքական գործիչն է: Այդ ամենաչգնահատված քաղաքական գործչին էլ մեկ-մեկ լսեք: Այն նույն խենթ պատանու ոգին է իր մեջ, դեպի ազատություն գնացող: Հանուն ինքնիշխանության ինքնաոչնչացման պատրաստ, իրեն ողոջակիզող ոգիներինմի անտեսեք:

Ունենք մի հրաշալի գնդապետ, որը նախորդ իշխանությունների օրոք իր իսկ դիմումի համաձայն լքեց պաշտպանության նախարարությունը։ Հետո բաց պատերազմ հայտարարեց նույն այդ իշխանություններից ծնված անարդարություններին: Քաջ ասպետի պես, գիտակցված ձևով գնաց նրանց երախը դաժան։ Ժամանակին դուք խոսել եք նրա մասին։ Ձեր պատգամավոր եղած շրջանում: Հարց եք ուղղել նախարար Օհանյանին։ Հիմա ինչու՞ էլ չեք հիշում երկրին նվիրված քաջ հայորդուն..

Լեոնիդ Ազգալդյանի անպարտ ոգու կրողին՝ Վոլոդյա Ավետիսյանին նկատի ունեմ: Գիտե՞ք ինչպես է ապրում կամ ինչ-որ կերպ հետաքրքրվե՞լ եք նրանով։ Ինչու՞ նման հզոր տղաներին չեք ցանկանում վերադարձնել ազգային բանակ։ Գուցե թողնենք, որ նա էլ խաղաղ մահանա՞, պարո՛ն վարչապետ, որ հանգիստ սիրել կարողանաք...

Ֆանտաստիկ արագությամբ փոխվում է Ձեր վերաբերմունքը երկիրը իրապես սիրողների նկատմամբ։

Չեմ ուզում հավատալ, որ Ձեր ժամանակավոր, բայց անկրկնելի հարևանը օդի միջոցով իր բացառիկ «հայրենասիրությամբ» է վարակել Ձեզ։ Աստված չանի, որ հետո պարզվի նմանատիպ մի բան, հիշեք, որ երկիրը էլի զինվոր ունի: Նա չի մնա ճանապարհի կեսին։ Գուցե մեռնի մարտի դաշտում, բայց հաղթական մարտի...

Կուզեմ քիչ գոռաք: Ձեզ լսում են շատերը: Տամարդուն վայել հանգստությամբ, տոնայնությամբ կուզեմ Ձեր ասելիքը մատուցեք։ Քննարկելու շատ հարցեր կան: Չեմ ուզում ասելիքս լցնել միայն տխրության գորշ գույներով...

Եթե հիմա ունենայի հնարավորություն նյութ գրել Ձեր մասին ասենք հեղինակավոր «Reuters», «The New York Times» կամ «The Guardian»-ում, ապա վստահ եղեք, որ այդ այս նյութը չէր լինելու։ Հիմա մենք տանն ենք: Այս մեծ ընտանիքում յուրաքանչյուրս ունի ձայնի իրավունք: Եւ եթե թույնով ու ատելությամբ դեռ չենք լցրել մեր հոգիները, ապա առանց չարության պիտի իրար լսենք:

Դուք մեզ ժպիտ տվեցիք, որը ես չեմ ուրանում: Կորած հավատը վերականգնեցիք իմ ազգի, որը կրկին անուրանալի է: Հենց դրա համար սիրով, առանց չարության եմ նայում Ձեր փայլող աստղին ու վայելում պայծառ դեմքերը հայության։ Ողղակի խնդրանքս. հետևեք, որ այսուհետ չփակվեն պայծառ մտքերով խելացի երիտասարդների առաջ դռները: Արեք հնարավորինը հայ գրողների համար, մտավորականների համար, որ մեր երկրում էլ չմահանան գրողները...

Առանց վախերի, Ձեր լեզվով ասած` դուխով գնացեք և մասնակցեք տաղանդավոր հեղինակների գրքերի շնորհանդեսներին ու օրինակ եղեք արքունիքում:

Ազատագրեք գերատեսչությունները փոքրոգի, պաշտոնասովով տառապող, անհայրենիք մեծամիտներից և ողողեք այն սիրո մասին քիչ խոսող, իրական նվիրյալներով, որոնց մեջ եմ տեսնում հայրենիքի հաղթական լույսը...

Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նույն շարքից