Քաղաքականություն 

Եթե ապրեինք իրավական պետությունում, ԱԺ նախագահի՝ թուրքական գործակալ լինելու լուրին կհաջորդեր քրգործի հարուցումը․ Արամ Վարդևանյան

 

Բոլորի համար է պարզ, որ ԱԱԾ-ն նույնիսկ ցանկության դեպքում չի կարող հաստատել այդ տեղեկությունը, որովհետև դա օպերատիվ-հետախուզական բնույթի աշխատանքի էությանն է դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` գործակալ չլինելու մասին ԱԱԾ-ի հաղորդագրությունը:

«ԱԱԾ-ի հետ համագործակցում են բազմաթիվ ֆիզիկական անձինք, եթե, օրինակ, հաստատվի այս մի դեպքը, մյուս բոլորը չեն համագործակցի ԱԱԾ-ի հետ, որովհետև գաղտնիությունը այլևս պաշտպանված չի լինի»,-նշեց նա։

Ըստ Վարդևանյանի՝առնվազն վերջին շրջանում ԱԱԾ-ի կողմից տարածվող հաղորդագրությունները, կարծես թե, բացառապես իշխանամետ հայացքների պաշտպանության նպատակ են հետապնդում, այլ ոչ թե ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ իրական, օբյեկտիվ տեղեկավտության տրամադրում։

«Դրա օրինակներից մեկն այն է, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հարյուրավոր քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտահայտելու մեթոդ էին ընտրել ԱԺ ներխուժելը, վարչապետի մամուլի խոսնակն իր էջում դեպքի վերաբերյալ տեսանյութ տեղադրեց, որից հետո ԱԱԾ-ն տեղադրեց նույն տեսանյութը՝ ուղղակի ԱԱԾ-ին բնորոշ ձայնային ուղեկցմամբ։ Վերջին շրջանում մենք տեսել ենք ԱԱԾ-ի մոտեցումը հանրային հնչեղություն ստացած դեպքերին, հետևաբար ակնկալել, որ ԱԱԾ-ն այլ կերպ էր հաղորդագրություն տարածելու, միամտություն է»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահի՝ թշնամական գործակալ լինելու մասին տեղեկության տարածմանն առնվազն պետք է հետևեր քրեական գործի հարուցում,  իսկ դրա դեպքում պետք է անմիջապես քննության առարկա դառնար ԱԺ նախագահի լիազորությունների ժամանակավոր դադարեցման հարցը։

«Օրինակ՝ ՊՎԾ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին, քանի որ հարուցվեց քրեական գործ։ Ես բացատրություն չունեմ, թե այս պայմաններում մենք ինչու նույն պատկերը չենք տեսնում։ Ինձ համար այս երկակի ստանդարտները ծայրահեղ անհասկանալի են։ Եթե ապրեինք իրավական պետությունում, որտեղ Դատախազությունը, քննչական մարմիններն իսկապես անկախ են, ապա կտեսնեինք լրիվ այլ պատկեր։ Ի՞նչ են շահում իրավապահները՝ նման վարքագիծ դրսևորելով»,-ասաց Վարդևանյանը։

Անդրադառնալով պետական բարձրաստիճան պաշտոնյայի՝ Թուրքիայի գործակալ լինելու տեղեկություններին և հնարավոր վտանգներին՝ Վարդևանյանն ասաց, որ դա սպառնալիք է ազգային անվտանգությանը։

«ԱԺ նախագահը պետական գաղտնիքի ամենաբարձր թույլատրելիություն ունեցող անձանցից մեկն է։ Այս պայմաններում մենք բավականին լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ։ Քրեական գործ չհարուցելով թույլ կտանք, որ թշնամական երկրների կողմից գործակալական հնարավոր նման այլ սցենարները ավելի ազատորեն իրականացվեն, որովհետև լռությամբ մենք նաև ազդակ ենք տալիս։ Նշվածը պետք է շատ հստակ և կոշտ ձևով հերքվի, իսկ դա հնարավոր է անել բացառապես քննության պայմաններում»,-ասաց նա՝ նշելով, որ եթե քննություն չի կատարվում, պետությունը, կարծես, ազդակ է տալիս, որ այս հարցն իր համար ծայրահեղ լուրջ հարց չէ, մինչդեռ պետության դիրքավորումը լրիվ այլ պետք է լինի։

«Թող հարուցվի քրեական գործ, ասեն՝ նախաքննությունն իրականացվում է ծայրահեղ գաղտնիության պայմաններում, թող լինի պաշտոնական հաղորդագրություն, որ քրեական գործ է հարուցվել հնարավոր պետական դավաճանության հատկանիշներով, և քննությունը կպարզի»,-ասաց նա։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից