Քաղաքականություն 

ԱԳՆ-ում հրաժարականի դիմումներ են գրում. առաջիկայում հնարավոր է նաև նախարարի պաշտոնանկությունը. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ և ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։

Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատման դիմումները այսքանով չեն սահմանափակվելու: Թերթի հետ զրույցում ԱԳՆ աշխատակիցը նշել է, որ հրաժարականների դիմումները կապված են քաղաքական իշխանության կողմից վարվող անհասկանալի արտաքին քաղաքականության և քաղաքական որոշ դեմքերի, այդ թվում՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու՝ Փաշինյանի ցանկության հետ։

Ասել է թե, փորձառու ու պրոֆեսիոնալ դիվանագետները դժգոհում են Նիկոլ Փաշինյանի կողմից ոլորտում քաղաքական ու «խայտառակ թույլ» նշանակումներ անելու հանգամանքից։ Մեր տեղեկություններով, հարթ չեն նաև ԱԳ նախարար Արա Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, քանի որ Այվազյանն այս կարճ ժամանակաընթացքում մի քանի անգամ բաց տեքստով իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի մոտեցմանը։ Մենք տեղեկություն ունենք, որ առաջիկայում հնարավոր է նաև Այվազյանի պաշտոնանկությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից