Հասարակություն 

Արմեն Թռչունյանը հետմահու արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին:

Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագիրը` գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնվեր աշխատանքի համար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանին հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:  Մեդալը տրվել է Արմեն Թռչունյանի որդուն` Կարեն Թռչունյանին:

Մինչ պարգևի հանձնումը Վ. Դումանյանն անդրադարձել է նշանավոր գիտնականի մեծ ավանդին, ինչն իր առանձնահատուկ տեղն ունի ինչպես ԵՊՀ-ում և Հայաստանի գիտության համակարգում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

«Համալսարանն առաջին հերթին ավանդույթների պատմություն է, որն առաջին հերթին կերտում են մարդիկ` ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: ԵՊՀ 100-ամյա գիտակրթական և մշակութային կյանքում առանձնակի դերակատարում ունեցած մարդկանցից մեկն է Արմեն Թռչունյանը` հայաստանյան գիտության առաջամարտիկը, դասական իմաստով պրոֆեսորը:

Մարդ, ում կենսագրության ամեն մի տողը գործունեության մի մեծ փուլ է բնորոշում: Մարդ, ով ստեղծել է գիտական դպրոց` ղեկավարելով շուրջ 3 տասնյակ գիտական` թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ Թռչունյանն իբրև ԲՈՀ-ի նախկին նախագահ զգալի ներդրում է ունեցել նաև գիտական վարչարարության ասպարեզում:

Մեծ գիտնականի որդին` Կարեն Թռչունյանը հպարտությամբ է պատմում, որ հայրը՝ որպես հրավիրված դասախոս, դասախոսություններով հանդես է եկել մի շարք երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում. դասավանդել է ԱՄՆ 22 նահանգների առաջատար բուհերում, որոնց թվում` Չիկագոյի, Բերկլիի և Սթենֆորդի համալսարաններում: Նրա գիտական հոդվածների մեծ մասը հրապարակվել է արտերկրի վարկանիշային գիտական ամսագրերում:

Նշենք, որ Կարեն Թռչունյանը, շարունակելով հայրիկի ճանապարհը, զբաղվում է գիտությամբ և նպատակ ունի հասնել հոր գիտական թեզիսների ապացուցմանն ու գրանցմանը. «Ես սա ընդունում եմ որպես պարտավորություն` շարունակել նրա կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի գիտական հետազոտությունների գործը»:

ԵՊՀ գիտական խորհրդի նիստում հակիրճ ներկայացվել է նաև պրոֆեսոր Արմեն Թռչունյանի գիտական գործունեությունը` նրա ավանդները, ստացած պարգևներն ու  մանկավարժագիտական գործունեությունը Հայաստանում և արտերկրում:  Նշենք, որ 2004 թվականին Արմեն Թռչունյանն արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալի, եղել է ՀՀ Նախագահի մրցանակակիր բնագիտության բնագավառում:

Գիտխորհրդի նիստին ներկա է եղել նաև պրոֆեսորի այրին` տիկին Անահիտը:

ԵՊՀ գիտական խորհրդի նիստի օրակարգում ներառված էր նաև երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է բուհերին` առաջարկելով դասերը կազմակերպել առավելապես առկա ձևաչափով` պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները:

Միաժամանակ նախարարը նշել է, որ բուհերն ունեն ակադեմիական ազատություն, և իրենք պետք է որոշեն ուսումնական գործընթացի կազմակերպման ձևաչափերը:

Գիտխորհրդի անդամները նախարարին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են պատերազմի մասնակից ուսանողների, մասնակիցների ուսանող զավակների, կնոջ կամ ամուսնու ուսման վարձավճարների փոխհատուցմանը, տարկետման կարգին, պետական բյուջեի ոլորտային հատկացումներին և այլ խնդիրների:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից