Հասարակություն Տեսանյութեր 

Մեր թիկունքում ողջ հայկական բանակն է կանգնած․ Յուրի Խաչատուրով

analitik.am

 

Մեր թիկունքում ողջ հայկական բանակն է կանգնած։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Մենք պետք է մեր գործն ավարտին հասցնենք։ Անգամ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաշ», անընդհատ հայտարարություններ են անում, քանի որ գիտեն, որ բանակն իրենց հարվածել ու հարվածելու է, հետ ենք բերելու ամեն ինչ»,–ասաց Խաչատուրովը։

Նա նշեց, որ մեզ հիմա փորձում են ուղղորդել մարդիկ, որոնք ընդհանրապես բանակում չեն ծառայել և ամբողջ ընթացքում բանակի վրա ցեխ են շպրտել․ «Օրինակ՝ Փաշինյանն ասում է, որ չի ծառայել, քանի որ իր երկու եղբայրը ծառայել են, և երրորդը կարող էր չծառայել: Ամեն դեպքում Իջևանի գյուղերից՝ Ենոքավանում, ամառային արձակուրդների ժամանակ կարող էր չէ գոնե 2 օր դիրք պահել, բայց նրան այնտեղ ոչ մեկ չի տեսել, նա չի եղել այնտեղ»,- ասաց Խաչատուրովը:

Ըստ Խաչատուրովի` Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ պատերազմի ժամանակ 14 տարեկան էր, սակայն 1992-ին նա 19 տարեկան էր, և ուղղակի վախկոտ է։

Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությանը` Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։ Նա պարզաբանեց, որ չի կարող վաշտի հրամանատարը միանալ հայտարարությանը, եթե անձնակազմը չի միացել։

«Ուզում եմ բոլոր իմ ծառայակիցներին, սպաներին, զինվորներին դիրքում կանգնածներին ասել, հավատացած եղեք, որ ժողովուրդը ձեզ հետ է, տասնյակ հազարավոր մարդիկ ձեզ հետ են և սիրում են ձեզ և նրանք ձեզ մենակ չեն թողնի, իսկ վերջում՝ ազգ, բանակ, հաղթանակ»,- եզրափակեց Խաչատուրովը:

Նույն շարքից