Քաղաքականություն 

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. Հենակետ

analitik.am

 

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում հերքել է այն տեղեկությունը, որ Իրանը ադրբեջանական բանակի մասին տեղեկատվություն է փոխանցել Հայաստանին և այնտեղ զենք ու վառելիք տեղափոխել: Մարտի 2-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հարցազրույց է տվել «Trend» լրատվական գործակալությանը և նշել, թե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները Իրանին հրավիրել են մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանը: Ըստ դեսպանի՝ վերականգնման աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցությունը նպատակահարմար կարելի է համարել աշխարհագրական տեսանկյունից, քանի որ այդ տարածքները գտնվում են Ադրբեջանի հետ Իրանի սահմանին և հարակից տարածքում: Բացի այդ շինանյութերը, հումքը և աշխատուժը Իրանում ավելի էժան է, քան մյուս երկրներում: Դեսպանը նաև հայտարարել է այդ տարածքներում ականազերծման գործընթացին մասնակցելու Իրանի պատրաստակամության մասին։

Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Վիկտոր Սեդերկենին «Trend» գործակալությանն ասել է, թե Արցախից Ադրբեջանի գրավված տարածքների վերականգնումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության խորացման համար: Ադրբեջանում Վենեսուելայի դեսպան Քրիստոֆեր Մարտինես Բերոտերան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը շեշտել է, որ Վենեսուելան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը գնահատում է որպես ադրբեջանական դիվանագիտության հաջողություն:

Թուրքիայում այցով գտնվող Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հանդիպել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ով նշել է, թե թե Թուրքիան ամեն տեսակի աջակցություն կցուցաբերի Ղարաբաղում Ադրբեջանի մշակութային ժառանգության վերականգնման հարցում։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից Ա․Քերիմովին և ընդգծել մշակույթի՝ հատկապես ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին։ Անկարայում նախարար Քերիմովը հայտարարել է․ «Ադրբեջանի և Թուրքիայի կինեմատոգրաֆիստները համատեղ նախագիծ են նախաձեռնել 2020 թվականի աշնանը Ղարաբաղում Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մասին ֆիլմ նկարահանելու համար»:

Շաբաթվա ընթացքում Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը (TIKA) և Ադրբեջանի մշակույթի նախարարությանն առընթեր մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը ստորագրել են մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության մասին արձանագրություն, որի համաձայն Արցախից գրավված տարածքներում պատմամշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման հարցում Ադրբեջանը կօգտվի թուրքական փորձից։

Ադրբեջանական լրատվամիջոցներում նշվել է, թե Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագծերի շրջանակներում ավելի քան տասը տարի Վատիկանում վերականգնվել են պատմական մեծ նշանակություն ունեցող կրոնական հուշարձաններ: Կարդինալ Ջիանֆրանկո Ռավազիին է հանձնվել Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի նամակը, որում նշված է Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական հուշարձանների վերականգնման անհրաժեշտության մասին։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը Վատիկանի մասնագետներին կոչ է արել իրենց անմիջականորեն մասնակցությունն ունենալ Արցախից գրավված տարածքների մշակութային ժառանգության վերականգնման հարցում։

Մարտի 3-ին իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Մենք աջակցում ենք Ադրբեջանի առաջարկած «3+3» հարթակին: Վրաստանը որոշակի կասկածներ ունի այս հարցում, մենք ըմբռնումով ենք վերաբերվում դրան: Մեր աջակցությունը տարածաշրջանային համագործակցությանը, որին կմասնակցի նաև Վրաստանը, կաճի: Մենք մեծ նշանակություն ենք տալիս՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ համագործակցությունը»: Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանի զարգացման վերաբերյալ երկխոսության հարթակ է առաջարկում։

Մարտի 3-6-ը եռօրյա այցով Ադրբեջան է ժամանել Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այս պահին կողմերն աշխատում են Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ուղղությամբ և Բաքուն պատրաստվում է Իսլամաբադից նոր սպառազինություն ձեռք բերել: Ալիևը բարձր է գնահատել Պակիստանի դիրքորոշումը, որ պաշտոնապես չի ճանաչել և դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, և նշել, թե Ադրբեջանն էլ իր հերթին աջակցում է Իսլամաբադին Քաշմիրի հարցում։

Ադրբեջանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Պակիստանը կմիանա Ադրբեջանում գործող և նոր կառուցվելիք տրանսպորտային ուղիներին: Իր հերթին Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը Պակիստանի ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ և շեշտել, որ այդ հաղթանակը տոնել են նաև Պակիստանում։

Պակիստանյան պատվիրակության՝ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները՝ այդ թվում նաև համատեղ զորավարժությունները, փոխայցերը ԶՈւ տարբեր ստորաբաժանումների միջև: Պակիստանցի գեներալը նշել է, որ Պակիստանի մասնագետները պատրաստ են մասնակցել Արցախի գրավյալ տարածքներում ականազերծման աշխատանքներին: Գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիևի հետ։

Պաշտոնական Բաքուն մարտի 4-ին հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները:

Մարտի 4-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով 14-րդ նիստը: Նշենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985 թ-ին հիմնել են Թուրքիան, Պակիստանը և Իրանը։ 1992 թվականին կազմակերպությանը միացել է նաև Աֆղանստանը։ ԽՍՀՄ փլուզումից հետո նույն թվականին կազմակերպությանը անդամակցեցին նաև Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկրները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Տեսակոնֆերանսին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով բաց չթողնելով առիթը՝ պնդել է, թե Ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է, և այժմ Ադրբեջանը մտածում է ապագայի մասի և սկսել է բազմաթիվ երկրներ միավորող տրանսպորտային նախագծերի քննարկումներ։

«Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում ունեն։ Եթե Հայաստանը իրեն նորմալ պահի, կարող է շահել այդ գործընթացից»,- նշել է նա։ Ադրբեջանի նախագահը գագաթնաժողովի մասնակիցներին հիշեցրել է, թե նախորդ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է տրանսպորտային միջանցք ստեղծել, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ հայտարարելով, թե այդ միջանցքը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում և կոչ է արել ՏՀԿ անդամ երկրներին միանալ այդ նախագծին։ Խոսելով միջանցքի մասին՝ Ալիևը հերթական անգամ պնդել է, թե Զանգեզուրը «ադրբեջանական պատմական տարածք է»։

Ադրբեջանի նախագահն իր ելույթում փորձել է Արցախյան հակամարտությանը կրոնական ենթատեքստ հաղորդել՝ նշելով, թե իբր Հայաստանը ոչնչացրել է ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանները, որը թշնամանք է ամբողջ իսլամական աշխարհի դեմ: Եվ Ադրբեջանը ողջունում է Պակիստանի նախաձեռնությամբ իսլամական համագործակցության կազմակերպության որոշումը՝ մարտի 15-ը իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր հռչակելու մասին:

Ալիևը նաև հայտարարել է, թե պատերազմը սկսվելուն պես Թուրքիան դարձավ առաջին երկիրը, ով աջակցեց իրենց: Իրենք բարձր են գնահատում Թուրքիայի նախագահի հայտարարությունները։ Իր հերթին Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, թե գրավելով Ղարաբաղի հողերը՝ Ադրբեջանը նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանում և իրենց համար առաջնայինը Ղարաբաղում անվտանգության ապահովումն է: Իսկ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը շնորհավորել է Ադրբեջանին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 6-շաբաթյա ուսումնական վարժանքեր անցնելու համար Իսպարտա է ժամանել ադրբեջանցի հատուկջոկատայինների խումբ։ Մարտի 4-ին Թուրքիայի Իսպարտա քաղաքի օդանավակայանում ադրբեջանցի հատուկջոկատայիններին դիմավորել են թուրք զինվորականները։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի ռմբակոծումը։ Եվրահանձնաժողովը նաև ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ:

Մարտի 5-ին Թուրքիայի արևելյան շրջանում 11 զինվորական է զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով։ Զոհվածների թվում է գեներալ-լեյտենանտ, Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար Օսման Էրբաշը։ Էրդողանի փեսան՝ «Բայրաքթար» տիպի անօդաչուներ արտադրող ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: Ըստ WarGonzo-ի՝ Թուրքիայում Էրբաշին համարում էին այն մարտավարության հեղինակներից մեկը, որի շնորհիվ Ադրբեջանը կարողացավ հաջողության հասնել Ղարաբաղում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղաթիռի կործանման հետ կապված ցավակցական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանում տեղի է ունեցել «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարը։ Իլհամ Ալիևն, ով կրկին ընտրվել է կուսակցության նախագահ, համագումարի ժամանակ իր ելույթում նշել է, թե Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից և ցանկանում է խանգարել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ նրանց կստիպեն։ Ալիևը նաև ընդգծել է, թե Հայաստանում ներքին կայունություն չկա, եթե դրսի օգնությունը չլինի, ապա Հայաստանը չի կարող գոյատևել։

Մարտի 6-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր Twitter-ի էջում գրել է, որ Իլհամ Ալիևի անունից սկսվել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը Ֆիզուլիի, Ղուբաթլուի և Լաչինի շրջաններ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Ֆիզուլիի շրջան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են այս տարածքում միջազգային օդանավակայանի շինարարության ընթացքին: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը Ղուբաթլուի շրջան կատարած այցի ժամանակ նշել է, թե պատերազմն ավարտվել է, եկել է ժամանակը տարածաշրջանում պատրաստվելու խաղաղության ու համագործակցության։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, տեսակոնֆերանսի միջոցով դիմելով լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2021» անվամբ զորավարժությունների մասնակիցներին, նշել է․ «Մենք հաջողությամբ ավարտել ենք ձեռնարկված բոլոր քայլերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայկական օկուպացիային վերջ տալը․․․ Մենք միայն փորձում ենք պաշտպանել մեր հայրենիքը և մեր իրավունքները»։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ընդունելով Թուրքմենստանի մայրաքաղաքում աշխատանքային այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, հայտարարել է, թե Թուրքմենական կողմը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի եռակողմ հանդիպում: Նշենք, որ ակնկալվում է, որ երեք երկրների նախագահների բանակցությունների հիմնական թեմաներից մեկը պետք է լինի Թուրքմենստանի էներգետիկ ռեսուրսները Եվրոպա դուրս բերելու հնարավորության քննարկումը։

Նույն շարքից