Քաղաքականություն 

Բոլորը նման էին հայտնի «Մարիո» խաղում «Դևի» մոտ հասած մարդուկների. Հայոց ինքնասպանության օրն էր՝ 2018-ի ապրիլի 23-ը. Ռուբեն Մելիքյան

analitik.am

 

ՀԱՅՈՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Երևանում էի։ Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին պիտի մեկնեի Բրյուսել՝ Ապրիլյան պատերազմում թշնամու վայրագությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ հերթական զեկույցը ներկայացնելու (ի վերջո այցս չեղարկվեց):

Քաղաքը եռում էր։ Բոլորը նման էին հայտնի «Մարիո» խաղում «Դևի» մոտ հասած մարդուկների։ Երջանկության սպասում կար մարդկանց դեմքերին։ Հետո զանգեց արտասահմանում գտնվող ընկերս։ «Ի՞նչ ա կատարվում։ Ի՞նչ ա լինելու»։ «Չգիտեմ։ Դեռ պարզ չի։ Կարողա՝ էս աբսուրդը հնարավոր լինի կանգնացնել, կարողա՝ հնարավոր չլինի», - պատասխանեցի։ Այդ պահին աչքիս ընկան մորթի տարվող անասունի տեսքով տասնյակ զինվորականներ՝ շրջապատված ցնծացող մարդկանցով։ «Զինվորներն են միացել, զինվորնե՜րը», - բղավում էին հիմնականում մանկահասակ ցուցարարները։ «Չնայած՝ արդեն պարզ ա։ Հաստատ շուտով կլինի Նախագահի հրաժարականը», - ասացի արտասահմանից զանգած ընկերոջս, հեռախոսն անջատեցի ու քայլեցի առաջ։

2-3 ժամ հետո մի սրճարանում էի Սարյան փողոցում, երբ առանց այն էլ եռացող փողոցը կտրուկ սկսեց աղմկել՝ ինչպես ստադիոնը գոլից հետո։ «Հրաժարական տվեց», - հաղթական փայլով տեղեկացրեց մատուցողը։ «Դե շնորհավոր։ Հասաք ձեր ուզածին։ Բա հետո՞ ինչ ա լինելու», - ասացի։ «Էլ ի՞նչ հետո», - նույն փայլով պատասխանեց մատուցողը։

Մի կերպ տուն հասա։ Երթևեկությունը ահավոր էր։ Պետություն չկար։ Սպանված էր։

Տուն հասա, բայց ո՛չ կարողացա քնել, ո՛չ էլ ինչ-որ բանով զբաղվել։ Նորից իջա քաղաք։ Որոշեցի սեփական աչքով տեսնել ցնծացող քաղաքը։

Կասկադում բոլորն իրար շնորհավորում էին ու գրկախառնվում՝ ծանոթ թե անծանոթ։ Ես շնորհավորանքներին կա՛մ չէի արձագանքում, կա՛մ ասում էի՝ «Ձե՛զ եմ շնորհավորում։ Ձե՛զ»։

«Ռուբ ջան, ո՞նց ես», - լսվեց հերթական սրճարանի աղմուկի միջից։ Կարկառուն հեղափոխական էր։ Հին ծանոթս։ «Նորմալ։ Դու՞»։ «Դե լա՜վ, քթերդ մի կախի։ Ա՛յ կտեսնես - հիանալի պետություն ենք կառուցելու բոլորով միասին»։ «Ի՞նչ ասեմ։ Հուսով եմ՝ կկառուցեք»։ «Այ Ռուբ ջան, ախր մենք լավ գիտենք, որ դու իրականում մեր կողմից ես, միասին ենք կառուցելու, եղբայր, միասի՛ն»։ «Սխալ գիտեք», - պատասխանեցի ժպտալով, հրաժեշտ տվեցի ու հեռացա։

Օրվա ընթացքում երկրորդ անգամ տուն գնալու ճանապարհին՝ Մասիվի մայրուղու վրա, չհասած Գազանանոց, ականատես եղա մի ահավոր վթարի։ Հաջորդ օրն իմացա, որ նորածին մի երեխա է մահացել։

Հայոց ինքնասպանության օրն էր՝ 2018-ի ապրիլի 23-ը։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից