Քաղաքականություն 

Ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը

analitik.am

 

«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վերջ տալու համար ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։

«Տարբեր վարկածներ ու անհիմն ենթադրություններ էին շրջանառվում տվյալ դեպքի առնչությամբ, բայց, ելնելով քննության շահերից, ավիաընկերությունը տեղեկություն չէր հրապարակում։ Այժմ, ցանկանալով վերջ դնել անհարկի շահարկումներին, ինչպես նաև հանրությանը մոլորության մեջ գցող ենթադրություններին, ներկայացնում ենք «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից իրականացված քննության ընթացքում ի հայտ եկած փաստերը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության` ընկերությունը լիզինգային տարբերակով ձեռք է բերել «Boeing 737-300» օդանավը եվրոպական ընկերությունից։ Օդանավը տեղակայված է եղել Էստոնիայի Տալլին քաղաքում, որտեղ կատարվել են տեխնիկական աշխատանքներ։ Ս․թ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հանրապետության «Հոստոմել» օդանավակայան, որտեղ պետք է շարունակվեր ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը։

«Fly Armenia Airways»-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրվել է թույլտվություն Տալլին-«Հոստոմել» տեխնիկական մեկ թռիչքի իրականացման համար, որի համար անձնակազմը նույնպես հրահանգավորված է եղել։ Covid-19 համաճարակի սահմանափակումներից ելնելով` հայ օդաչուների Շենգենյան գոտու վիզայի ստացումը երկարել է, այդ իսկ պատճառով օդաչուական անձնակազմը լիզինգատուի կողմից է առաջարկվել։

Փետրվարի 20-ին «Fly Armenia Airways»-ը պարզում է, որ օդանավը չի ժամանել «Հոստոմել» օդանավակայան։ Կապ հաստատելով Տալլինի օդանավակայանի հետ` պարզվում է, որ օդանավը թռիչք է կատարել այլ ուղղությամբ։ Անձնակազմը, առանց ավիաընկերության թույլտվության կամ համաձայնության, կեղծելով փաստաթղթեր, Տալլինից մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաքի օդանավակայան։ Այնուհետև տեղի ժամանակով 11:41 օդանավը լքել է Վառնայի օդանավակայանը՝ ուղղություն վերցնելով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ Շարժա քաղաք։

Հայտնաբերելով, որ օդանավը ընթանում է ընկերության կողմից չհամաձայնեցված թռիչքուղով` «Fly Armenia Airways»-ն անմիջապես կապ է հաստատում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ իրավիճակի մասին տեղյակ պահելով կոմիտեին։ Միաժամանակ օդանավի առևանգման ու անհայտ թռիչքուղով ընթանալու մասին ընկերությունը տեղեկացնում է իրավապահ մարմիններին։

Նույն օրը ընկերությունը կապ է հաստատում ու միջադեպի մասին տեղեկացնում Եվրոպական աերոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությանը՝ Եվրակոնտրոլին։ Եվրոկոնտրոլը տեղեկացնում է, որ օդանավը պլանավորված ուղղություն է վերցրել դեպի Շարժա։

Այդ ընթացքում ավիաընկերությունը տեղյակ է պահում Շարժայի օդանավակայանին և հորդորում ինքնաթիռի ժամանելուն պես այն առնել իրենց վերահսկողության տակ։ Շարժայի և Դուբայի օդանավակայանները տեղեկացնում են, որ օդանավը չի հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում։

ԱՄԷ–ից բացասական պատասխան ստանալով` ընկերությունը փնտրում է օդանավը հարևան երկրներում։ «Fly Armenia Airways»–ի օպերատիվ քննության արդյունքում պարզել է, որ օդանավը, խնդրելով արտակարգ վայրէջք, իջել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։

Փաստն արձանագրելուց հետո «Fly Armenia Airways»–ն անմիջապես կապ է հաստատել ՀՀ իրավապահ մարմինների հետ և խնդրել վերահսկողության տակ առնել օդանավը։

Փետրվարի 28-ին «Fly Armenia Airways»–ի օդաչուական և տեխնիկական անձնակազմը Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցների հետ ուղևորվել է ԻԻՀ՝ մանրամասն քննելու ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրականացնելու անհրաժեշտ միջոցառումներ օդանավը Հայաստան բերելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ այսօր հաջողվել է օդանավը տեղափոխել ՀՀ։

ՀՀ իրավական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ։ «Fly Armenia Airways»–ը հնարավոր բոլոր փաստերը ներկայացրել է իրավապահ մարմիններին, կատարվում է քննություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Նույն շարքից