Քաղաքականություն 

Արա Այվազյանն ու Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետը հանդիպել են

analitik.am

 

Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։

Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշեց, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծեց վերջին շրջանում Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արա Այվազյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի Ինքնավարության հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և տեղի իշխանությունների միջև հաստատված սերտ կապերը: Անդրադարձ կատարվեց հեռանկարային ուղղություններ հանդիսացող բարձր տեխնոլոգիաների,  ստեղծագործ կրթության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։

Երկուստեք բարձր գնահատվեց Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր։ Առանձնահատուկ կարևորվեց Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման շուրջ համագործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատվիրակության անդամներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների  հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից