Քաղաքականություն 

Հայաստանը չունի ամենակարևոր կառույցներից մեկի՝ Արտաքին գործերի նախարարության ղեկավար և փոխնախարարներ. «Ժողովուրդ»

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած, ՀՀ Սահամանադրության համաձայն, արտահերթ ընտրություններից հետո՝ մինչ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը, այս՝ յոթերորդ գումարման խորհրդարանը լիազորություններ ունի, սակայն այն, կարելի է ասել, այլևս չի գործում։ Բանն այն է, որ այս ընթացքում խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով և, այսպես ասած, խորհրդարանի ժամանակը չունեն։

Եվ նաև դա է պատճառը, որ երեկ խորհրդարանում նախատեսված ԱԺ խորհրդի նիստը քվորման բացակայության պատճառով չի կայացել։ Խորհրդի նիստի ժամանակ պատգամավորները պետք է հաստատեին այսօր մեկնարկելիք հերթական նստաշրջանի օրակարգը, բայց օրակարգը չի հաստատվել, հետևաբար նստաշրջանն էլ չի կայանա, և կրկին քվորում չի լինի։

Նկատենք՝ ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 31 հարց, ընդ որում՝ պատգամավորները պետք է քննարկեին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ապա Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Ժամկետացանկ է հաստատված եղել, և հանձնաժողովներում քննարկվելուց հետո այն ընդգրկվեց նստաշրջանի օրակարգ, սակայն չի քննարկվի։

Բացի այդ, լիագումար նիստում պետք է քննարկվեր նաև անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Սոֆյա Հովսեփյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին։ Սակայն սա էլ միակ հարցը չէ. այս օրերին արձակուրդում են և լծված են նախընտրական քարոզչության գործին կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ պետությունը կանգ է առել, էլ չենք ասում, որ Հայաստանը չունի ամենակարևոր կառույցներից մեկի՝ Արտաքին գործերի նախարարության ղեկավար և փոխնախարարներ։

Այս իրավիճակում, երբ հակառակորդը մայիսի 12-ից Հայաստանի սահմաններում է, իշխող թիմը շարունակում է քարոզարշավ անել ու սպառնալիքներ հնչեցնել՝ ելքեր գտնելու փոխարեն»։

 

Նույն շարքից