Բիզնես 

Սուպերմակետները ամեն ինչ գրավիչ են դարձնում` մարդկանց գցելով պարտքի տակ. տնտեսագետ

analitik.am

Դրամը արժեզրկվեց, դոլարի գինը բարձրացավ, նույնիսկ դեֆիցիտացավ. ապրանքները օր օրի թանկանում են, խուճապը հասարակության մեջ մեծանում է: Կարծիքներ կան, որ հունվարից հետո էլ ավելի է սրվելու իրավիճակը:

 

Խնդրի վերաբերյալ տնտեսագետների ու շատ փորձագետների կանխատեսումները գրեթե համընկնում են: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Analitik.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հունվարից դոլարի արտարժույթը կկայունանա: Նրա խոսքով՝ այս շրջանում, քանի որ իրավիճակը շատ լարված է, դրական փոփոխություններ, իհարկե, դժվարությամբ ձեռք կբերվեն, բայց, այնուամենայնիվ, «հունվարին ամեն ինչ իր տեղը կընկնի»:

 

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գտնում է, որ այս հարցում ցանկացած կարծիք և կանխատեսում սխալ է. «Սա այնպիսի հարց է, որի վերաբերյալ կանխատեսում անելն առնվազն միամտություն է: Չգիտեմ, եթե կա մեկը ով կարող է անել թող անի, ես չեմ կարող: Պարզապես, շատ գործոններ են այսօր աշխատում և այս պահին ցանկացած կարծիք լուրջ չէ»,-ասաց տնտեսագետը` նշելով, որ դեկտեմբերի ընթացում ամեն ինչ պարզ կլինի:

 

Տնտեսագետ Կարեն Խաչատրյանի կարծիքով էլ ժամանակից առաջ կանխատեսում անելն ուղղակի «անշնորհակալ գործ է»: «Այն միտումները, որ այսօր կան դոլարի արտարժույթի հետ կապված` կմնա նույնը, կպահպանվի նաև տոներից հետո: Ես այդպես եմ կարծում»,-հավելեց զրուցակիցս:

 

Ինչ վերաբերում է թանկացումներին, թեև օրենքներ և որոշումներ կայացնողները պնդում են, թե այդ թանկացումներն ամենևին չեն վերաբերում առաջին անհրաժեշտության ապրանքներին, բայց փաստն այն է, որ այսօր, մայրաքաղաքի գրեթե բոլոր խանութներն ու վաճառակետերը, խոսքերը մեկ արած, բարձրացնում են հենց առաջին անհրաժեշտության մթերքների ու ապրանքների գները:



Analitik.am-ը այսօր շրջեց երևանյան մի շարք խանութներում` ուսումնասիրելու, թե վերջին օրերին ինչ փոփոխությունների են ենթարկվել ապրանքների գները: Մթերային խանութներում գրեթե բոլոր ապրանքները` կաթնամթերքը, շոկոլադը, կակաոն, շաքարավազը, բանջարեղենը, ալյուրը, մակարոնեղենը թանկացել են 40-50 դրամով, որոշ խանութներում` նաև հացը` 10-15 դրամով: Առաքիչները վաճառողների զարմանքին ի պատասխան մատնանշում են դոլարի թանկացման հանգամանքը, և քանի որ դրսից են հիմնականում ներկրվում ապրանքները, ուստի պատկերն էլ այսպիսին է: Գրեթե բոլոր վաճառակետերի աշխատակիցները միաբերան դժգոհեցին, որ, չնայած մոտեցող տոներին, խանութներում «առևտուր չկա»:

 

Հ.Գ. Կարևորը` մայրաքաղաքի «երևելի» սուպերմարկետներն «անտարբեր» չեն անցնում ֆինանսական ճգնաժամ ապրող ՀՀ քաղաքացիների կողքով, ովքեր շիվարած` չգիտեն ինչպես պետք է պատրաստվեն Ամանորին: Ուստի, մայրաքաղաքի բանկերն ու առևտրի կետերը՝ ձեռք ձեռքի տված, փորձում են հնարավորինս «օգնել և թեթևացնել» նրանց հոգսը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս վերջիններս հաճախորդներին առաջարկում են ներկայացնել բոնուս քարտ, արտոնյալ պայմաններով ստանալ վարկային քարտ և այսպիսով՝ լուծել ամանորյա բոլոր ծախսերն ու խնդիրները: Օրինակ՝ «Երևան Սիթի» սոպերմարկետների ցանցում տրամադրվող վարկն սկսվում է 50 հազար դրամից մինչև 2 մլն դրամ` հինգ տարի ժամկետով:

 

Հետաքրքիր է` որքանո՞վ է նման տարբերակով սեղան գցելը շահավետ քաղաքացիների համար, և արդյոք դա հերթական բանկային խորամանկությունը չէ:

 

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այս հանգամանքը մեկնաբանեց այսպես. «Տեղում, միանգամից և՛ վարձն են փակում, և՛ ապրանքն են վաճառում: Սա նշանակում է` սպառողական պարտք գրավի դիմաց: Վարկային քարտ են տալիս, բոնուսներ են ավելացնում, արտոնյալ պայմնաններ են ստեղծում…Ամեն ինչ գրավիչ են դարձնում` մարդկանց գցելով պարտքի տակ»:

 

Սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ սուպերմարկետների կողմից նման առաջարկները շատ վտանգավոր կարող են լինել` մարդիկ արտոնյալ պայմաներին խաբվելով, գայթակղվելով, կարող են չմտածված քայլեր անել և հետո խորապես զղջալ:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից