Հասարակություն 

Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը

analitik.am

 

Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ունի 17 անդամ։

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։

Հուլիսի 24-ին որակավորման փուլի արգելքը կփորձի հաղթահարել Հայաստանի միակ մարմնամարզիկը Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկները պայքարը կսկսեն լուսաբացին՝ Երևանի ժամանակով 05:00-ին:

Հուլիսի 25-ին Օլիմպիական խաղերում սկսվում է բռնցքամարտի մրցաշարը: Երևանի ժամանակով 07:15-ից սկսած իր ուժերը կչափի 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Նույն օրը որակավորման փուլից կսկսի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ատրճանակ, 10 մետր:

Հուլիսի 26-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից երկուսը` 52 կգ Կորյուն Սողոմոնյանը և 75 կգ քաշային Արման Դարչինյանը կփորձեն դուրս գալ հաջորդ փուլ: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին:

Նույն օրը պայքարի մեջ կմտնի նաև 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Նրա մրցման մեկնարկը լուսադեմին 06:00-ից է։

Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը:

Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից։

Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին:

Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:

Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից:

Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում գոտեմարտերը կկայանան օգոստոսի 3-ին:

Օգոստոսի 3-ին ատլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը:

Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:

Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:

Հայաստանը ներկայացնող մարզիկների ելույթները կցուցադրի Հանրային հեռուստաընկերությունը:

Հավելենք, որ Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից