Միջազգային Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

analitik.am

Ալեն Սիմոնյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային և բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ: Նա բարձր գնահատեց ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը:

Նա դեսպանին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, որը կարևոր օղակ է երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը՝ Սիմոնյանը նշեց, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը:

Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Զրույցի ընթացքում կարևորվեցին օրենդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտեց նաև ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը:

Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր:

Նույն շարքից