Բարի օր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան ազդեցություն է ձեռք բերել Հայաստանի ներքին օրակարգի վրա. թուրքագետ

analitik.am

Մենք տեսնում ենք, որ առաջին անգամ խախտվել է տաբուն, և 2020 թվականի սկզբից Թուրքիան իրեն թույլ է տալիս ներգրավվել հայաստանյան դիսկուրսների մեջ, սպառնալիքի լեզվով խոսել ՀՀ սուվերեն տարածքի մասին, արձագանքել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական այս կամ այն գործընթացին և դրան որակումներ տալ, 5-րդ ալիքի եթերում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ աննախադեպ համարելով փաստը, որ Թուրքիան ազդեցություն է ձեռք բերել Հայաստանի ներքին օրակարգի վրա։

Որպես օրինակ՝ թուրքագետը ներկայացրել է փետրվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը Թուրքիայի պետական բոլոր ինստիտուտների կողմից տրված նպատակաուղղված արձագանքը։

«Ոչ միայն դատապարտեցին, այլև որպես հեղաշրջման փորձ պիտակավորեցին Գլխավոր շտաբի միանգամայն արդարացի հայտարարությունը։ Եթե դու պիտակավորում ես տալիս, նշանակում է՝ քաղաքական գնահատական ես տալիս, քաղաքական գնահատականն արդեն իսկ նշանակում է ներգրավում ներհայաստանյան քաղաքական գործընթացներին»,- ասել է Գեղամյանը։

Վարուժան Գեղամյանը հատկանշական ու կարևոր փաստ է համարել նաև թուրքական իշխանամետ ու ընդդիմադիր մամուլի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ցուցաբերված անթաքույց ու անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանություններին։

«Դժվար է փաստերը համադրել միմյանց հետ ու չգալ եզրակացության, որ Թուրքիան ներգրավված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Ավելի շատ կոնսպիրոլոգիաների կամ փնփտրտուքի կարիք չկա։ «Daily Sabah»-ից մինչև «Hurriyet» հայտնի օրաթերթը սատարում են Փաշինյանին՝ իրավիճակին գնահատական տալիս ասելով, որ սրանից ավելի լավ Թուրքիայի համար լինել չէր կարող»,- նշել է թուրքագետը։

Թուրքիայի գովերգած իշխանությանը նա իր բնորոշումն է տվել․ «Փաստացի, սա մի իշխանություն է, որը հրաժարվում է Հայաստանի Հանրապետության գոյության գլխավոր իմաստից․ զբաղվել հայերի պաշտպանությամբ՝ իրենց հայրենիքում»։

Նույն շարքից