Իրավական Հասարակություն 

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով․ Դատախազություն

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել են 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանն գույքի օտարմանն առնչվող առերևույթ հանցավոր չարաշահումների հանգամանքներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ դատական ակտերի հակադիր կատարման ծառայությունից պահանջված և ստացված փաստաթղթերի ներառմամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  «N» քաղաքացիական գործի շրջանակներում Ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատական ակտերով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր ընդհանուր շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Բռնագանձումն իրականացնելու նպատակով դատարանը 2019թ. մարտի 6-ին տվել է կատարողական թերթ, որի հիմքով 2019թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ, արգելանք է դրվել ԲԲԸ-ի գույքի վրա: Իսկ հարկադիր ծառայողի 2020թ. փետրվարի 24-ի որոշմամբ մի ՍՊԸ նշանակվել է փորձագետ և վերջինիս առաջադրվել է գնահատել Երևանի ոսկերչական գործարանին պատկանող՝ ոսկերչական և ադամադյա մի քանի թանկարժեք իրերից կազմված գույքի արժեքը:

Պարզվել է, որ վկայակոչած գույքի հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 83.5մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրությամբ ստացված տվյալներով ընդհանուր 83.5մլն դրամ հաշվեկշռային արժեքով այդ իրերը նշված ՍՊԸ ոսկերիչ-փորձագետի կողմից գնահատվել է շուրջ 2.5 անգամ ցածր գնով՝ ընդամենը՝ 38.3 մլն ՀՀ դրամով:

Հետագայում՝ այդքան գնահատված գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի արդյունքում մի քաղաքացի այն ձեռք է բերել հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով, ընդամենը՝ 21.5 մլն ՀՀ դրամով:

Այսինքն, նշված ՍՊԸ ծառայողները, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, պատրաստել են իրականությանը չհամապատասխանող հաշվարկ, այն ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն, ինչի արդյունքում Գույքն էլեկտրոնային աճուրդով իրացվել է իրական (հաշվեկշռային) արժեքից անհամեմատ ցածր գնով՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի համար առաջացնելով ծանր հետևանքներ, պատճառելով շուրջ 50մլն ՀՀ դրամի վնաս:

Նույն շարքից